Կարկտահարությունից և սելավներից Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ տուժել է 962 հա ցանքատարածություն, որից 239 հա-ն' 50 տոկոսով, 438 հա-ն' 50-80, իսկ 285 հա-ն' 80-100 տոկոսով։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնել է Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Միքայել Բաբայանը: Ընդհանուր առմամբ 80-100 տոկոսով վնասվել են շուրջ 113 հա խաղողի և թթենու այգիներ, ինչպես նաև 35 հա եգիպտացորենի, հաճարի, ծխախոտի և բանջարաբոստանային այլ մշակաբույսերի ցանքատարածություններ: Կան նաև երաշտից տուժած այլ ցանքատարածքներ ևս, որոնց վնասի չափի ճշտումը, ըստ գյուղբաժնի վարիչի, ընթացքի մեջ է:

 

 

«Եթե նախորդ տարիներին մկներից ու մկնանման կրծողներից ցանքսերը զգալի վնասներ էին կրում, ապա վերջին տարիներին այն նվազագույնի է հասցվել' շնորհիվ ժամանակին և ճիշտ իրականացրած պայքարի»,- նշել է Միքայել Բաբայանը՝ հավելելով, որ այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքներ են կազմակերպվել ավելի քան 14 հազար հա խոպան հողերում և դաշտերում։