Ազգային ժողովը 20 րոպե ընդդիջման գնաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկությամբ: Մասնավորպես, Լևոն Զուրաբյանը նշեց. «Ես պահանջում եմ 20 րոպե ընդմիջում' ըստ օրակարգի»,- որին ի պատասխան' Գալուստ Սահակյանը ավելացրեց. «Դուք փորձում եք խոտանել, ձախողել ԱԺ աշխատանքը, ես ապահովում եմ բնականոն աշխատանքը: 20 րոպե ընդմիջում»:
Մինչ այդ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը քվեարկության դրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթաերցմամբ ընդունելու հարցը: «Ձեր առաջարկների հիման վրա փոփոխություններ են կատարվել, ձայնը տալիս եմ զեկուցողին' պարոն Ասատրյանին»,- ասաց ԱԺ նախագահը:
Զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ԱԺ հարթակից ներկայացրեց, որ կատարվել են խմբագրական փոփոխություններ պատգամավորների առաջարկությունների հիման վրա:
«Առաջին ընթերցմանը ներկայացված փաթեթի քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, որոնք հիմնականում վերաբերում էին խմբագրական խնդիրներին, այս ընթացքում վերամշակել ենք, որպեսզի վերացնենք թյուրընբռնումները ու տարընթերցումները: Հստակեցվել է պարտադիր կենսաթոշակային ֆոնդ արտահայտությունը' պարոն Մանուկյանի առաջարկության շրջանակներում»,- ասաց նա: Բացի այդ' առաջարկվում է մի շարք օրենքներից հանել «պարտադիր» բառը կամ «պարտադիր կուտակային» բառը փոխարինել «կուտակային» բառով:
«Ընդունվել է նաև առաջարկությունը, որ խնամքի արձակուրդում գտնվող անձին բացի նրանից, որ պետությունը 5000 դրամ փոխանցի, նաև գործատուն փոխհատուցի 3000 դրամի չափով»,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Կառավարության նախաձեռնությամբ եւ հրատապ օրինագծերի քննարկման նպատակով հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի չորրորդ օրվա աշխատանքը սկսվեց 108 պատգամավորի գրանցմամբ: