Աշխարհում 18 երկրներ կան, որոնք իրենց սահմանադրությամբ համարվում են հանրապետություններ, սակայն, ղեկավարվում են որպես միապետություն, եւ դրանց թվում է նաեւ Ադրբեջանը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Նշվում է, որ այդ երկրների նախագահները «ընտրությունների են գնում նվազագույնը երրորդ անգամ, եւ հայտարարվում հաղթանակող»: «Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ այդ ցուցակում Ադրբեջանի Նախագահի կողքին են գտնվում Ղազախստանի, Բելառուսի եւ Ուզբեկստանի նախագահները», -ասվում է նյութում:
Հեղինակը հիշեցնում է, որ Ադրբեջանում Սահմանադրությամբ արգելվում էր մեկ անձին նախագահի թեկնածու առաջադրվել իրար հեռեւից երկու ժամկետից ավելի: Սակայն, 2009 թվականին անցկացված հանրաքվեն վերացրել է այդ սահմանափակումը: «Ազատության» ցուցակում նշված են միապետություն հիշեցնող 18 հանրապետություններ, որոնց շարքում են Հասարակածային Գվինեան, Անգոլան, Կոնգոն, Կամերունը, Ուգանդան, Զիմբաբվեն, Բուրկինա Ֆասոն, Սուդանը եւ այլն:
Ադրբեջանում վերջին նախագահական ընտրություններն անցկացվել են 2014 թվականի հոկտեմբերի 9-ին, որոնցում գործող նախագահ Իլհամ Ալիեւը հաղթել է գրեթե 85 տոկոս ձայներով' զբաղեցնելով այդ պաշտոնը երրորդ ժամկետով: Ընդդիմության թեկնածուն, պաշտոնական տվյալներով, հավաքել է ընդամենը 5 տոկոս ձայներ: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում ԿԸՀ կողմից հայտարարված ընտրությունների արդյունքները' համապարփակ խախտումների, կեղծիքների, զանգվածային լցոնումների եւ «կարուսելների» եւ այլ թերությունների պատճառով:
Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները խստորեն քննադատել, անազատ եւ անարդար, եւ միջազգային չափանիշներին չհամապատասխանող են բնութագրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը, Եվրախորհրդարանը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Ամերիկայի Հելսինկյան հանձնաժողովը, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլյանման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ադրբեջանի Democracy lerning հասարակական միավորումը եւ Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգի եւ ժողովրդավարության ուսուցման կենտրոնը: