Թուրքիայի վարչապետ Էրդողանը, ով ցանկանում է դառնալ երկրի հաջորդ նախագահը, «քաղաքական իմաստ» չի տեսնում Իսլամական համագործակցության կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իսհանօղլուի թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մեջ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Նրա խոսքով, թուրքական ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն նախագահական ընտրություններում քաղաքական հենարան չունի:

 

Հունիսի 16-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) եւ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուն եւ Դեւլեթ Բահչելին համաձայնվել են առաջիկա ընտրություններում Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անկուսակցական Էքմելեդդին Իհսանօղլուին առաջադրել ընդդիմության միասնական թեկնածու: Այսպիսով' Իհսանօղլուն, ով երկար ժամանակ զբաղեցնում էր Իսլամական կոնֆերանս կազմակերպության ղեկավարի պաշտոնը, Թուրքիայի նախագահի համար պայքարում դառնալու է երկրի վարչապետ Ռեջե փ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները համոզված են, որ երկրի հաջորդ նախագահը պետք է անկուսակցական լինի: Բացի այդ, նրանք համակարծիք են, որ նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակի հասնելու համար ընդդիմությունը պետք է հանդես գա միասնական թեկնածուով:

 

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) գործիչները շտապել են հայտարարել, որ Իհսանօղլուն «սպիտակ թուրքերի»' աշխարհիկ քեմալականների թեկնածուն է եւ չի կարող լինել ամբողջ թուրք ժողովրդի ընտրյալ նախագահը:

 

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը օրերս հայտարարել էր, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել իր առաջնորդ, երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 

Թուրքիայում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին: Եթեթեկնածուներից որեւէ մեկն առաջին փուլում 51 տոկոս ձայներ չհավաքի, ապա օգոստոսի 24-ին տեղի կունենա երկրորդ փուլը: 2014 թվականից սկսած Թուրքիայի նախագահը պետք է ընտրվի ոչ թե խորհրդարանի, այլ ժողովրդի կողմից' 5 տարի պաշտոնավարման ժամկետով: