Մայրաքաղաքում շարունակվում է հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Նախորդ շաբաթ հայտնաբերվել է վարորդների ծխելու 5 դեպք, որոնց մասով կազմվե լ են համապատասխան վարչական արձանագրություններ:

 

Դժգոհություն հայտնելով իրականացվող աշխատանքների արդյունքներից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև մեքենաների արտաքին և ներքին սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, մեքենաներում հնչող երաժշտությանը, ինչպես նաև ընթացքի ժամանակ բջջային հեռախոսներով վարորդների խոսելուն:

 

«Ամեն օր հասարակական տրանսպորտից օգտվում են հազարավոր երևանցիներ, և շատ կարևոր է, որ մեքենաներում ապահովված լինեն պատշաճ պայմաններ: Մեր քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս են բարձրացվել մեքենաներում հնչող երաժշտության մասին դժգոհություններ, ինչպես նաև ընթացքի ժամանակ վարորդների ծխելու կամ բջջային հեռախոսով խոսելու հետ կապված: Նման անթույլատրելի երևույթները բացառելու նպատակով, անձամբ երթևեկեք երթուղայիններով: Միայն վերջնականգառներում լինելով հնարավոր չէ ամբողջությամբ տիրապետել տիրող վիճակին, ինչն էլ իր հերթին հն արավորություն չի տալիս ներկայացնել իրական պատկերը:

 

Ձևավորեք առանձին աշխատանքային խմբեր ու անձամբ շրջեք երթուղայիններով, տեղում ծանոթացեք իրավիճակին, որ ձեզ համար էլ տեսանելի լինի իրական պատկերը, ինչից և արդարացիորեն դժգոհում են մեր քաղաքացիները: Համոզված եղեք, որ եթե հենց տեղում, օրենքով սահմանված կարգով կիրառեք համապատասխան պատժամիջոցները, ապա կարճ ժամանակահատվածում թե՛ դուք և թե՛ մեր համաքաղաքացիները կնկատեն ու կզգան դրական փոփոխությունները»,-նշել է Տարոն Մարգարյանը: