Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադաձավ իրեն խիստ անհանգստացնող մի երևույթի: ՀՀ վարչապետի խոսքով՝ հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունն արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձևերով, ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերով: «Ինչպես օրինակ, պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրա մների նետումը:

 

Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ: Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունն ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Կառավարության ղեկավարը նշեց, որ նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Վարչապետի դիտարկմամբ՝ եթե իշխանությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: «Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին քննարկել այս հարցը և առաջարկել լուծումներ, թե օրենսդրական, թե կազմակերպական: Եթե անհրաժեշտ է հրավիրեք ձեր եվրոպացի գործընկերներին ուսումնաս իրեք նրանց փորձը, անցկացրեք ուսուցում, բայց ապահովեք, որ հասարակական կարգը պահպանող մարմիններն իրենց գործողություններով լիակատար պաշտպանեն սահմանադրության ազատությունները, միաժամանակ կանխեն ամենաթողության ցանկացած դրսևորում»,- եզրափակեց վարչապետը:

 

Վերջին օրերին բողոքի ցույցեր են եղել էլեկտրաէներգիայի թանկացման ու Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ: Ցուցարարներն անկարգություններ են հրահրել' Սարյան փողոցում խոչընդոտելով երթեւեկությունը, իսկ Աֆրիկյանների շենքի մոտ' աղմուկ-աղաղակ բարձրացնելով, որը հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը: Սարյան փողոցից 27 մարդ տեղափոխվել է ոստիկանական բաժին' Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) համար: