Մամուլում այսօր ուշագրավ տեղեկատվություն տարածվեց, համաձայն որի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը նեղ միջավայրում հայտարարել է, որ Եթե անգամ «Ծառուկյան» դաշինքի նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում կայացնի, որ իր ղեկավարած խմբակցությունը դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա իր որդին՝ Արգամը, չի ենթարկվի այդ որոշմանը և կողմ կքվեարկի: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի` Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Դաշինքում այլ մարդիկ ևս կան, ովքեր կցանկանան կողմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, բայց առայժմ ձեռնպահ են մնում իրենց ցանկությունը բարձրաձայնելուց:
 
Իհարկե, պատահական չէ, որ նեղ միջավայրում Աբրահամյանի «անկեղծացումները» հրապարակ են նետվում հիմա, երբ վերջնականապես պարզ է, որ վարչապետի պաշտոնը ամսի 17-ին ստանձնելու է հենց Սերժ Սարգսյանը: Փաստորեն, Աբրահամյանը միանգամից է արձագանքում այս իրողությանը՝ շտապելով ռևերանսներ անել, ինչը նրան իհարկե բնորոշ է: Տպավորություն է ստեղծվում, որ այս արտահոսքը նաև «Ծառուկյան» դաշինքին և անձամբ  Ծառուկյանին քաղաքական «կսմիթ» հասցնելու նպատակ է հետապնդում: Ակնարկելով Սարգսյանին կողմ քվեարկելու ցանկություն ունեցող այլ պատգամավորների մասին, որոնք վերջին պահին կարող են անակնկալ մատուցել, Աբրահամյանը փորձում է ցույց տալ, որ Ծառուկյանը չի տիրապետում դաշինքում ստեղծված իրավիճակին: Իրականում այս պնդումը որևէ քննադատության չի դիմանում, քանի որ հասկանալի է՝ Դաշինքը միասնական դիրքորոշում է ցուցաբերելու վարչապետի քվեարկության օրը, իսկ թե ինչպիսին կլինի այդ դիրքորոշումը՝ կախված է միայն ու միայն Ծառուկյանի որոշումից:
 
Այս ամենը քաջ գիտակցում է նաև վերջին շրջանում «մեսիջներով» իշխանությունների հետ շփվող Աբրահամյանը: Պարզապես, քաղաքական ինտրիգների մեծագույն վարպետը բոլորից լավ է հասկանում, որ ստվերում մնալով՝ վերջնականապես է անցնելու պատմության գիրկը, և փորձում է օգտագործել ցանկացած առիթ՝ Սարգսյանի բարեհաճությունը շահելու համար, քանի որ ուզենք-չուզենք՝ առաջիկա տարիներին քաղաքական գործընթացները ղեկավարվելու են մեկ մարդու կողմից, եւ այդ մարդը Սերժ Սարգսյանն է: Իհարկե, Աբրահամյանին չի հաջողվել թոթափել նեղացածությունը «Մայր գետից», ինչպես այն «աստղային ֆուտբոլիստները», որոնք խիստ վրդովվում են, երբ մարզիչն իրենց առաջին խաղակեսից հետո փոխարինում է: Բայց այսօր նախկին վարչապետն այն վիճակում չէ, որպեսզի բացահայտ արտահայտի իր նեղսրտած լինելը: Նա ցանկանում է օգտագործել իր և որդու համար եթե ոչ պաշտոն, ապա առնվազն տնտեսական երաշխիքներ կորզելու՝ գուցեև վերջին շանսը: Իսկ այդ երաշխիքների կարիքը Աբրահամյանն ունի ավելի, քան երբեք: Աբրահամյաններն արդեն իսկ վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները: Ավելի վաղ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, որը նույնպես պատկանում էր Աբրահամյաններին:
 
Շատերի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում Աբրահամյանին որոշակի հույսեր են ներշնչել Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցներից մեկում հնչեցրած միտքը նախկին պաշտոնյաների վերադարձի մասին: Սակայն ակնհայտ է, որ Սարգսյանի մեսիջը վերաբերվում էր նրանց, ովքեր ռեժիմին կարող են ինչ-որ բան առաջարկել: Հովիկ Աբրահամյանը չունի այս ռեսուրսը և հնարավորությունները և ինքն է այժմ հայցողի դերում: Իրականում, Սերժ Սարգսյանին հաջողվել է քաղաքական դաշտում այնպիսի դասավորություն մտցնել, որ Հովիկ Աբրահամյանի կապերն ու հնարավորություններն ընդհանրապես կուսակցությանը պետք չլինեն և Աբրահամյանն ընդհանրապես դուրս մնա իշխանության վերին շրջանակին նույնիսկ մոտ գտնվելու հնարավորությունից։ Նախկին վարչապետը չի կարող չգիտակցել, որ մի բան է ձիու վրա լինելը, մեկ այլ բան՝ առանց ձիու «վտակներով քայլելը»...
 
Ստելլա Խաչատրյան