Ապրիլի 25-ին, երբ Սահմանադրական դատարանը քննել է 2017 թվականի խորհրդարանի ընտրության կեղծման վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի բողոքը, ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն արել է ուշագրավ հայտարարություն:

 

«Մենք այն քաղաքական ուժն ենք, որ միշտ ասել ենք, թե անթույլատրելի ենք համարում զինված հարձակում, ապստամբություն և այդ տեսակետին ենք նաև այսօր: Բայց եթե այս համակարգային խախտումները, այս ընտրակարգը շարունակվի, ապա վստահ եղեք, որ ինչ-որ մեկի հորդորները չեն կարող ժողովրդին հետ կանգնեցնել նման ակտերից, եթե նրանք չեն տեսնում ընտրություններով իշխանությունը փոխելու որևէ տարբերակ», հայտարարել է Զուրաբյանը:

 

Միևնույն ժամանակ հարկ է հիշել, որ հենց ՀԱԿ-ն է եղել այն քաղաքական ուժը, որը ոչ վաղ անցյալում հայտարարում էր, թե Ընտրական օրենսգրքի հարցում իշխանությունների հետ պատմական համաձայնության են եկել և դրանով գրեթե 70 տոկոսով նվազեցրել են ընտրակեղծիքի ճանապարհը: Այսօր, սակայն, ՀԱԿ-ը կրկին Սահմանադրական դատարանում է՝ բողոքարկելու համար հենց այդ ընտրակեղծիքների առկայության պատճառով կասկածի տակ առնված ընտրությունները: Կամ ՀԱԿ-ը անկեղծ չէր այն ժամանակ, երբ նման հայտարարություն էր անում, կամ անկեղծ չէ հիմա՝ երբ փաստացի գնում է վերջին հույսի խախտման՝ շանտաժի լեզվով խոսելով իշխանությունների հետ:


Զուրաբյանի վերջին հայտարարությունն այլ կերպ դժվար է մեկնաբանել: Իհարկե, եթե ճիշտ գնահատենք ՀԱԿ-ի պահանջների տողատակը: Զուրաբյանը որոշակի իմաստով զգուշացնում է իշխանությանը, թե միշտ հանդես են եկել ծայրահեղ դրսեւորումները զսպողի դերում, բայց եթե այդպես շարունակվի, ինչը կարելի է հասկանալ՝ եթե ՀԱԿ-ն այդպես «անտեսվի», ապա իրենց հորդորներն էլ այլեւս չեն կարող պահել հանրությանը՝ ծայրահեղ քայլերից: Դժվար թե ՀԱԿ-ում իրապես հավատացած են, որ հանրությանը ծայրահեղ գործողություններից հետ պահող գլխավոր և որոշիչ հանգամանքն իրենց դիրքորոշումն է եղել: Իրականում մեր հասարակությունը շատ ավելի գիտակից է, քան դա կցանկանային ՀԱԿ-ի ներկայացուցիչները: Հանրության բարձր գիտակցության նշան էր հենց Կոնգրեսի ստացած քվեների տոկոսը: Անհայտ է, որ նման հայտարարություններով ՀԱԿ-ը ձգտում է մնալ իշխանությունների կողմից գծագրվող ընդդիմության առանցքում:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ