Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել, ստորագրություն է վերցվել՝ երկրից չհեռանալու մասին: Ֆեյսբուքյան իր գրառման մեջ նախկին վարչապետը որոշ փակագծեր է բացել, նշելով, որ այս պահին նպատակահարմար չի համարում ավելին ասել, հետագայում այդ անհիմն մեղադրանքին և անօրինականություններին առավել մանրամասն անդրադառնալու առիթ կունենա:«Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»,-գրել է Հովիկ Աբրահամյանը:
Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել «Ավազահատիկ» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների գործով՝ ՀՀ քրեական հոդվածի 309 հոդվածի 1 մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310 հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Աբրահամյանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները ցույց են տալիս , որ այս պահին նախկին վարչապետը մնացել է միայնակ: Անգամ նրա Ստեփանակերտ կայացած այցը, ըստ էության, չի տվել ցանկալի արդյունքը: Շատերի կարծիքով՝ Աբրահամյանը մեկնել էր Ստեփանակերտ՝ ստանալու Բակո Սահակյանի աջակցությունը, կամ առնվազն համոզելու նրան՝ դառնալ միջնորդ իր և նոր իշխանությունների միջև: Սակայն, ինչպես երևում է, Ստեփանակերտում Աբրահամյանին մերժել են՝ չցանկանալով միջամտել Փաշինյանի վարած քաղաքականությանը: Արդյո՞ք Աբրահամյանը Ռոբերտ Քոչարյանի նման կցանկանա վերադառնալ մեծ քաղաքականություն՝ ինքնապաշտպանության նպատակով: Շատերի կարծիքով՝ հենց Քոչարյան-Աբրահամյան զույգը կարող էր դառնալ հակահեղափոխության առանցքը, սակայն երկուսն էլ այս պահին գտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, եթե չասենք՝ թիրախում: Քոչարյանին թույլ չեն տվել մեկնել Գերմանիա, նույն արգելքը կտարածվի նաև նախկին վարչապետ Աբրահամյանի վրա: Նոր իշխանությունները, աչքի տակ ունենալով ռևանշիստներից բխող վտանգը, ամեն ինչ անելու են՝ նրանց մանևրելու հնարավորությունը չեզոքացնելու համար: Մի գործընթաց, որին այսօր արդեն իսկ ականատես ենք լինում…