Աշխարհի շուրջ հարյուր քաղաքներում, ներառյալ Լոնդոնը, Հռոմը, Փարիզը, Մեխիկոն, Վարշավան եւ ուրիշներ, անցկացվում են ակցիաներ՝ նվիրված թմրանյութերի օգտագործման ապաքրեականացման պահանջին եւ համընկնում են հենց հունիսի 26-ին՝ Թմրամոլության եւ թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային օրվան, տեղեկացնում է BBC-ն:

 

«Աջակցիր: Մի պատժիր» կարգախոսի ներքո ակցիան հայտարարվել է Release բրիտանական իրավապաշտպան կազմակերպության կողմից, որն զբաղվում է թմրանյութերից կախվածություն ունեցող մարդկանց օգնելու հարցով:

 

Ակտիվիստների կարծիքով՝ շատ երկրների կառավարությունների կողմից իրականացվող այսպես կոչված «Թմրանյութերի դեմ պատերազմը», որը նախատեսում է խիստ արգելքներ եւ պատիժներ, միայն բարդացնում Է իրադրությունը:

 

Կազմակերպությունը շարունակում է ստորագրություններ հավաքել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին ուղղված բաց նամակի տակ, որում կոչ է արվում փոխել կառավարության քաղաքականությունը թմրանյութերի բնագավառում եւ չեղյալ հայտարարել քրեական պատասխանատվությունը թմրանյութեր պահելու համար:

 

Նամակն արդեն ստորագրել են շուրջ 90 հայտնի հասարակական գործիչներ, այդ թվում՝ երաժիշտ Սթինգը, գործարար Ռիչարդ Բրենսոնը եւ դերասան Ռասել Բրենդը:

 

Release-ի տվյալներով՝ 15 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում հանցագործ Է դարձել 1,5 մլն մարդ, որոնք մեղադրվել են անձնական օգտագործման համար թմրանյութեր ձեռք բերելու մեջ:

 

Նամակում ասված Է, որ Ավստրալիայի, Չեխիայի եւ Պորտուգալիայի փորձը, որտեղ այդ բնագավառի օրենսդրությունն ավելի լիբերալ Է, ցույց Է տալիս, որ թմրանյութերի օգտագործումից վնասը Էապես նվազել Է այն բանից հետո, երբ թմրամոլներին պատժելու փոխարեն օգնություն են տրամադրել: