Թուրքիայում հուլիսի 16-18-ը հայ լեզվաբան, մտավորական Սևան Նիշանյանին նվիրված ցուցահանդես և քննարկում կանցկացվի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թուրք ուսանող Բաթուհան Ավակադոն, միջոցառումն իրականացնում է Բողազիչի համալսարանի սոցիալական ծառայությունների ակումբը (ԲՈՒՍՈՍ): Նրա խոսքով'այդ ակումբի ուս ումնասիրության կենտրոնում է մարդու իրավունքների դեմ բռնությունն ու դրա հետևանքները: Նրանք լրջորեն են վերաբերում Սևան Նիշանյանի դեպքին ու համարում այն հայազգի մտավորականին լռեցնելու փորձ:
Ցուցադրությունը կկայանա Շիրինջեում, ուր գտնվում է Սևան Նիշանյանի բանտարկման պատրվակ դարձած շինությունը, իսկ քննարկումը կացկացվի Բողազիչիի համալսարանում հուլիսի 18-ին: Քննարկումը կվերաբերի նրան, թե Սևան Նիշանյանը ինչու է հայտնվել բանտում, և գործի ընթացիկ հանգամանքներին:
Թուրքիայում բնակվող հայազգի լեզվաբան, գրող, լրագրող, հրապարակախոս Սևան Նիշանյանը ծնվել է 1956 թվականին Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է Պոլսի Պանգալթը թաղամասի հայկական Մխիթարյան վարժարանում: Սովորել է ԱՄՆ Յելի և Կոլումբիայի համալսարաններում: Աշխարհի տարբեր երկրներում գտնվելով' իր հուշագրությունները հանձնել է թղթին և գրքեր է հրատարակել: 1996 թվականին հաստատվել է Շիրինջե գյուղում, հիմնել հյուրանոց:
Բանտարկման առիթ է հանդիսացել այն հանգամանքը, որ նա իր հողամասում կառուցել է մեկ հարկանի մի տնակ, որը համարվում է «ապօրինի շինարարություն»: Թուրքական դատարանը Սևան Նիշանյանին 2013 թվականի դեկտեմբերի 12-ին դատապարտել է երկու տարվա ազատազրկման:
Նիշանյանն իր պատիժը հունվարի 2-ից կրում էր Իզմիր քաղաքի Թորբալը բանտում: Այնուհետև նրան տեղափոխել էին Իզմիրի Բուջա փակ բանտ: Այստեղ նա քնում էր բետոնե հատակին: Սակայն կարճ ժամանակ անց Նիշանյանի բանտային ոդիսականը շարունակվել էր և վերջինիս տեղափոխել էին Ալիաղայի փակ բանտ: Վերջերս սկսվել է ստորագրահավաք' Նիշանյանի բանտային պայմանները բարելավելու և նրա դեմ տեղի ունեցող ճնշումները դադարեցնելու նպատակով: Հիմնվել է նաև «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտե: