Հանրապետության 12346 դիմորդներ այս տարի բուհ ընդունվելու և միասնական քննություններ հանձնելու հայտ են ներկայացրել: 34 քննական կենտրոններում ընդհանուր առմամբ քննություններ են անցկացվել 15 առարկայից:
Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ընդունելության քննությունների 1-ին փուլը, նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Մելիքյանն ընդգծեց, որ միայն Երևանից քննություն հանձնելու համար դիմել է 4000 երիտասարդ:
«Միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է, իսկ նախնական արդյունքները վերլուծման փուլում են: Այժմ մեկնարկել են ներբուհական և կենտրոնացված բանավոր քննությունները: Ինչպես և ամեն տարի, այս անգամ ևս ամենաշատը քննություն են հանձնել հայոց լեզվից՝ 6838 դիմորդ: Ամենաշատ դիմորդների թվով աչքի են ընկնում մաթեմատիկայի, անգլերենի, հայոց պատմության քննությունները, իսկ մեկ դիմորդ քննություն է հանձնել պարսկերենից, սակայն, ցավոք, կտրվել է»,-նշեց Գագիկ Մելիքյանը:
ԳԹԿ տնօրենն ասաց, որ բոլոր առարկաների գծով հարգելի բացակայողների թիվը 1120 է, որոնց թույլ են տալու մասնակցել երկրորդ փուլին: «Հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 48 դիմորդ՝ քննասենյակի բժշկից համապատասխան տեղեկանք ստանալուց հետո: Քննություններից հեռացվել է վեց դիմորդ. նրանք օգտվել են հեռախոսից: Նրանցից չորսը դիմել են երկրորդ փուլին մասնակցելու խնդրանքով»,-ընդգծեց Մելիքյանը:
Բանախոսի խոսքով, բողոքներն, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս նվազում են: Դրանք հիմնականում վերաբերում են թեստերը ոչ ճիշտ լրացնելուն: Շատ դիմորդներ էլ քննության ընթացքում, իրենց խոսքով, վատ են զգացել, բայց քննությունը չեն ընդհատել: Դիտարկվել է նաև տեխնիկական հնարքներից օգտվելուց դեպք: Դիմորդններից մեկի մոտ «ռադիոկայան» է հայտնաբերվել՝ բարձրախոսով և տարբեր այլ սարքերով:
«Ընդհանուր առմամբ, հիմնական առարկանների գծով կտրվածների պատկերը կրկնվում է: Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականն այս տարի 13,46 էր, իսկ նախորդ տարի՝ 13,48: Որոշ չափով նվազել են գնահատականները օտար լեզուների շրջանակում»,-հավելեց ԳԹԿ տնօրենը:
Գագիկ Մելիքյանը փաստեց, որ լրատվամիջոցներն օբյեկտիվ աշխատանք էին կատարում միասնական քննությունների լուսաբանման առումով, սակայն եղել են մի քանի դեպքեր, երբ աղմուկ է բարձրացվել, ինչպես, օրինակ, այն ժամանակ, երբ տարբեր քննությունների ընթացքում երկու դպրոցներում անջատվել է լույսը:
Բանախոսն ընդգծեց, որ մեկնարկում է միասնական քննությունների անցկացման երկրորդ փուլը, որը կտևի հուլիսի 2-8-ը:
Հանրապետությունում միասնական քննությունները մեկնարկել էին հունիսի 2-ից' «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներով: Այդ քննություններին մասնակցել էր շուրջ 1800 դիմորդ: Քննությունների առաջին փուլը եզրափակվել է հունիսի 23-ին: