Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ, օգոստոսի 29-ի տվյալներով, առաջին դասարան ընդունվելու դիմում է ներկայացրել շուրջ 11 հազար 100 աշակերտ: Այս մասին օգոստոսի 30-ին անցկացված օգոտոսյան խորհրդակցության մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
«Այս օրերին իրականացվում է ընդունելության գործընթաց: Նախորդ տարվա այս ժամանակահատվածի դրությամբ մենք աճ ենք արձանագրել»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց Գայանե Սողոմոնյանը: Հանրակրթության վարչության պետը համոզված է, որ այս տարի ավելի շատ առաջին դասարանցիներ ոտք կդնեն դպրոց:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է 159 դպրոց, որտեղ 2013-14թթ. ուսումնական տարում սովորել է 79 հազար 17 աշակերտ, որոնցից 6 հազար 858-ն այս տարի ավարտել է հիմնական, 441-ը՝ միջնակարգ դպրոցը: Սովորողների առաջադիմությունը կազմել է 97, իսկ ուսման որակը՝ 45 տոկոս: