Ադրբեջանական կողմը շարունակում է լարվածության մեջ պահել հայ-ադրբեջանական սահմանը, հրաժարվում է դիպուկահարներին առաջին գծից հեռացնելուց եւ իր պետական քաղաքականության հետեւանքով առաջացող լարվածության մեջ մեղադրում է հայկական կողմին: Ադրբեջանական կողմի հերթական սադրանքն ու լարված վիճակը շարունակվում է շուրջ մեկ շաբաթ Թովուզի շրջանում: Նրանք անընդհատ կրակոցներ են արձակում հատկապես խաղաղ բնակիչների ուղղությամբ եւ փորձում իրավիճակն ապակայունացնել:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ թեպետ իրավիճակը լարված է, սակայն հայկական կողմը հսկում է իրավիճակն ու սահմանային անվտանգությունը: «Նրանք կրակում են, ստեղծում են լարված իրավիճակ եւ միջազգային բոլոր դիտորդների եւ կազմակերպություններին պահանջներից' հեռացնել դիպուկահարներին առաջին գծից' հրաժարվում են: Վերջին օրերին Թովուզի շրջանում իրավիճակը լարված է եւ հակառակորդը նպատակաուղղված կրակոցներ է արձակում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ լարված իրավիճակի միակ պատասխանատուն ադրբեջանական կողմն է, քանի որ Հայաստանի պետական եւ զինվորական բարձրաստիճան այրերը ոչ միայն հայտարարել են, այլեւ բազմաթիվ իրավիճակներում ապացուցել, որ ցանկանում են խաղաղություն եւ մտադրություն չունեն լարվածություն ստեղծել սահմանին:

 

«Հայկական կողմը եղել եւ շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ պատասխան կրակ է բացում միայն նպատակային կրակոցներին եւ դիրքերի ուղղությամբ: Անկանոն կրակոցներին հայկական զինված ուժերը չեն պատասխանում»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Ինչ վերաբվերում է ադրբեջանական կողմի նեկայացրած տեղեկատվությանը, որ Թովուզի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրդեհ է գրանցվել, որի նախաձեռնողները հայերն են, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ամեն տարի հակառակորդը դիմում է նույն գործողությանն ու սեփական տարածքում հրդեհներ բռնկելով ' դրանում մեղադրում է հայերին: Հայկական կողմն այս հարցի ուղղությամբ էլ բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է թույլ տալ, որպեսզի փաստահավաք առաքելություններն ուսումնասիրեն հրդեհները' համոզվելու, որ դրանք կամ եղանակով են պայմանավորված, կամ էլ հակառակորդի ձեռք ի գործն են: Այս հարցում նույնպես ադրբեջանական կողմը կառուցողականություն չի ցուցաբերում եւ մերժում է այդ առաջարկությունը:

 

Հունիսի 25-ին ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել է գյուղը, գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկային: Ադրբեջանական ուժերը վերջին շրջանում հաճախակի են դարձրել հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերն ու նպատակային հարվածները: Նրանք հրադադարի խախտում են թույլ տվել ընդհուպ նույնիսկ Նախիջեւանի սահմանին, որի հետեւանքով հունիսի 5-ին ՀՀ ԶՈւ պայմանագրային երկու զինծառայողներ էին զոհվել' 1988թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանը եւ 1992թ. ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը:

 

Հունիսի 24-ին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: