Հայկական կողմն ադրբեջանական սահմանին դիվերսիա չի իրականացրել, իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն առնվազն անհեթեթություն է: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն այնքան անհեթեթ է, որ անգամ մեկնաբանելու կարիք չկա: «Հայկական կողմը դիվերսիա չի կատարել, անիմաստ է խոսել նաեւ հետ շպրտման մասին: Տարածածը հերթական հերյուրանքն է»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, Հովհաննիսյանն ասաց, որ այն խիստ լարված չէ, սակայն ադրբեջանցիները խախտում են հրադադարի ռեժիմը: «Լարվածությունը մեծ չէ, սովորական իրավիճակ է, եւ հայկական զինված ուժերը վերահսկում են այն»,- ասաց նա:

 

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, իբր, դեկտեմբերի 8-ի գիշերը հայկական զինված ուժերը դիվերսիա են իրականացրել, սակայն ադրբեջանական ուժերը դիմադրել են եւ հետ շպրտել: