Հակառակորդը տարեցտարի ավելի ինտենսիվ է դարձնում խախտումները և մեծացնում է լարումները:

 

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ արձակած կրակահերթերին:

 

«Կրակահերթներ եղել են երեկոյան' մինչև 12-ի կողմերը, դրանից հետո համեմատաբար հանգիստ է եղել: Կրակոցներից տուժածներ, զոհեր չկան: Երեկվա կրակոցների մեջ ոչ մի արտառոց բան չկար, որ մինչև հիմա չէր եղել: Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցները սկսվել են հունիսի 28-ին' ժամը 17:00-ից: Կրակահերթի տակ են եղել Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերը: Այգեպարում վնասվել է գազատար խողովակը:

 

Հունիսի 25-ին ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել է գյուղը, գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկային: Ադրբեջանական ուժերը վերջին շրջանում հաճախակի են դարձրել հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերն ու նպատակային հարվածները: Նրանք հրադադարի խախտում են թույլ տվել ընդհուպ նույնիսկ Նախիջևանի սահմանին, որի հետևանքով հունիսի 5-ին ՀՀ ԶՈւ պայմանագրային երկու զինծառայողներ էին զոհվել' 1988թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանը և 1992թ. ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը:

 

Հունիսի 24-ին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը: