Ադրբեջանի բանակում զինծառայողները շարունակում են սպանել մեկը մյուսին: Հերթական միջադեպը տեղի է ունեցել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, վիճաբանության արդյունքում ադրբեջանցի զինվոր Յաշար Ախադզադեն երկաթի կտորով հարվածել է ծառայակցին' Իլկին Մուստաֆաևին: Վերջինս տեղում մահացել է:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է կատարվածը: Ռազմական դատախազությունը հարուցել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն' 2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 46 զինծառայող, որոնցից 34-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 77 զինծառայողներ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: