Շրջանառվող տեղեկություններով, ՀՀ նախագահական ընտրություններից հետո, որին Սերժ Սարգսյանը գնում է առանց հավասարազոր կարողությունների տիրապետող մրցակցի, հավանական է' ԱԺ նախագահի փոփոխություն լինի: Նախ' Հովիկ Աբրահամյանը չապահովեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սատարումը Սերժ Սարգսյանին, ինչպես, ըստ տեղեկությունների, խոստացել էր, հետո էլ' Սերժ Սարգսյանի առջև Արևմուտքը խնդիր է դրել ազատվել օլիգարխներից, իսկ ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը համարվում է օլիգարխիայի ներկայացուցիչ: Այնպես որ, հնարավոր է գոնե առերևույթ փոփոխություն լինի: ԱԺ նախագահի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է արդարադատության նախկին նախարար, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի անունը: Երեկ այդ առթիվ «Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց նրան:

- Պարոն Հարությունյան, խոսք է գնում այն մասին, որ ՀՀ նախագահի ընտրություններից հետո հնարավոր է ԱԺ նախագահի փոփոխություն լինի և հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է Ձեր անունը: Դուք պատրա՞ստ եք այդ բեռը վերցնել Ձեր ուսերին:

- Ո՚չ, պատրաստ չեմ:

- Ինչո՞ւ:

- Ես ասել եմ, ինձ չի հետաքրքրում այդ պաշտոնը:

- Իսկ եթե կուսակցությունը Ձեզ այնուամենայնիվ հորդորի, կամ Սերժ Սարգսյանն առաջարկի:

- Դե, երբ կհորդորի, այն ժամանակ կխոսենք:

- Կարելի՞ է կարծել' խուսափում եք պատասխանատվությունից, թե՞ միգուցե մտածում եք' ԱԺ-ի օլիգարխների հետ չեք կարողանա լեզու գտնել:

- Ես արդեն պատասխանեցի այդ հարցին: Փնտրել էստեղ այլ երանգ, չարժե:

- Իսկ Դուք ո՞ւմ եք տեսնում ԱԺ հաջորդ նախագահի պաշտոնում ընտրություններից հետո:

- Ես, ճիշտն ասած, դեռևս տեսնում եմ Հովիկ Աբրահամյանին: ...Նախագահական ընտրություններից հետո ԱԺ նախագահի փոփոխություններ չեն լինի, համենայնդեպս, ես հիմքեր չեմ տեսնում:

- Հատկապես ի՞նչն եք գնահատում Հովիկ Աբրահամյանի աշխատանքի մեջ, օրենսդրական ո՞ր գործերն եք գնահատում:

- Ի՞նչ է նշանակում' օրենսդրական որ գործերը:

- Ուզում եմ հասկանալ' ի՞նչն եք գնահատում Հովիկ Աբրահամյանի աշխատանքում, եթե իրեն եք կրկին տեսնում այդ պաշտոնում:

- ԱԺ նախագահը պետք է ունենա մի շարք շատ կարևոր հատկանիշներ: Օրինակ' շրջահայացություն:

- Ո՞ր հարցերում:

- Ցանկացած:

Մեր մյուս հարցերին Դավիթ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել: