Ինչո՞ւ է բոլոր նախագահական ընտրություններում առաջադրվում «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Այս հարցի շուրջ հնչած կարծիքներից մեկն այն է, որ վերջինս առաջադրվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անմիջական հրահանգով: Շրջանառվող այս տեղեկությունը հաստատում է նաև ՀԺԿ անդամ Գրիշա Վիրաբյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ներկայացրեց այս մասին մի քանի հետաքրքիր մանրամասներ։

«Արամ Հարությունյանը Հովիկ Աբրահամյանի «մարդն է»: Երբ ասացի, որ «Արտաշատ» հյուրանոցը նրան է պատկանում, ինձ ասացին, որ դա Հովիկ Աբրահամյանինն է, ես էլ ասացի՝ ի՞նչ եք կարծում, Արամ Հարությունյա՞նն ումն է: Ասեմ ավելին, երբ առաջին անգամ նա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրում, ընտրական հանձանաժողովի անդամներից մեկը, անունն այս պահին չեմ ուզում շեշտել, թեկնածուների անձնական գործերը ստուգելու համար գնացել է Արամենց տուն՝ վերջինիս փաստաթղթերը ստուգելու համար: Իսկ Արամը զանգում է Հովիկ Աբրահամյանին և ասում՝ եկել են ստուգելու, իսկ ես ոչ մի փաստաթուղթ չունեմ, ի՞նչ անեմ: Իսկ հիմա նրա այդ կոչերը՝ ինքնաբացարկ հայտնել ընտրություններից առաջ, Սերժ Սարգսյանին թողնել մենակ ընտրապայքարում, տեղ չեն հասնելու, միևնույն է, իսկ դրանք իրականում ունեն հեռուն գնացող քաղաքական նպատակներ: Այս կամ այն թեկնածուի համար պատվեր կատարող մարդիկ շատ ճիշտ կողմնորոշվում են:

Ինչ վերաբերում է Քոչարյանի հասցեին հնչեցրած իր խոսքերին՝ այն, որ դրական է գնահատում նրա կառավարման ժամանակաշրջանը, ապա ասեմ՝ երբ մարդն ունի ծրագիր, այդ ծրագիրը քողարկելու համար նա այնպիսի քայլերի է գնում, որպեսզի ցույց տա, որ ինքն անկախ մարդ է կամ պատվեր չի կատարում: Բնական է, որ պետք է Քոչարյանի անունը տար, որ չստացվի, թե իր թեկնածությունը դրել է Սերժ Սարգսյանին օժանդակելու համար, բայց նա նույն ծառայությունն էլ ժամանակին մատուցել է Ռոբերտ Քոչարյանին: Իսկ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն իսկական կրիմինալ է, նա նախագահ դառնալու իրավունք չուներ. եթե համեմատելու լինենք, ապա Սարգսյանը գոնե լրագրողների հետ հարգալից է, «մոսկվաների» մասին չի խոսում, ավելի կայացած քաղաքական դեմք է, քան կրիմինալներ Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Արամ Հարությանն էլ, ըստ էության այդ իշխանության ուղեգորգն է: Նրա նման մարդիկ մեր հանրապետությունում շատ կան, նրանք պատրաստ են ուղեգորգի նման փռվել, որպեսզի իրենց վրայով քայլելով հասնեն պաշտոնին: 5 տարի լռում են, մեկ էլ հայտնվում են ընտրություններից առաջ:

Նա խոսում է տնտեսական աճի մասին Քոչարյաի օրոք և ոչ, ասենք, հոկտեմբերի 27-ի, բայց դե մի կողմից էլ հասկանալի է՝ ինչպե՞ս կարող է խոսել հոկտեմբերի 27-ի մասին, երբ այդ կարգի մարդիկ հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի շնորհիվ մնացին քաղաքականության մեջ»,- ասաց Գրիշա Վիրաբյանը, ով խոսեց նաև Քոչարյան-Ծառուկյան-Աբրահամյան կապի մասին և ասաց, որ «երբ ԲՀԿ-ն ստեղծվեց, նոր կուսակցություն էր ստեղծում նաև այն ժամանակվա նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Նախագահ Քոչարյանը Արտաշես Թումանյանին աշխատանքից հեռացրեց ու սկսեց հալածել, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի գործարար ղեկավարին կանաչ ճանապարհ ցույց տվեց: Նայեք կուսակցության ցուցակը և կհասկանանք, որ այնտեղ այն նույն կրիմինալ մարդիկ են, որոնք տարբեր ժամանակահատվածներում եղել են Հանրապետականի կազմի մեջ: Իսկ եթե այսօր մամուլը չի կարողանում ապացուցել, որ ԲՀԿ-ն Քոչարյանի կուսակցությունն է, դա մամուլի մեղավորությունը չի, դա դրական առումով ժողովրդի մեղքն է: Քոչարյանի մասին վերադարձի մասին լուրերին մարդիկ իրենց վերաբերմունքը ցույց տվեցին և համոզեցին, որ այդ կուսակցությունով նա չի կարողանա վերադառնալ քաղաքական հարթակ»:

Զրուցեցինք նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի հետ։ Վերջինս, բնականաբար, հերքեց Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի կողմից ուղղորդվելու լուրերը։ «Ես ոչ մեկի կողմից էլ չեմ ուղղորդվում, Սերժի հանձնարարությունը կատարում են ուրիշ թեկնածուներ: Սերժ Սագսյանին հաճելի՞ էր լսել այն ամենը, ինչ ես ասել եմ իր մասին: Իսկ եթե Հովիկ Աբրահամյանն է ինձ ուղղորդում, որ ես Սերժ Սարգսյանի հասցեին վատ բաներ ասեմ, ապա Սերժ Սարգսյանը հենց հիմա նրան պետք է շտաբի պետի պաշտոնից հանի:

Ես ի՞նչ կապ ունեմ Արտաշատի հյուրանոցի հետ, ընդամենը 2003-ին իմ շտաբը եղել է այդ հյուրանոցի առաջին հարկում: Նույն ձևով կարող են ասել, որ «Արմենիա Մարիթ»-ն էլ է իմը: Ես Ռոբերտ Քոչարյանի մասին ի՞նչ կարող եմ ասել, ես Քոչարյանի թիմում չեմ եղել, ես ընդամենը համեմատում եմ: Հասարակ քաղաքացուն կարող եք հարցնել՝ դուք 2005 թվականի՞ն էիք լավ ապրում, թե՞ հիմա: Քոչարյանի ժամանակ տնտեսական վիճակն ավելի լավ է եղել, դրսում՝ արտաքին քաղաքականության մեջ ավելի լավ ենք դրսևորվել:

Ես արդարանալու կարիք չունեմ, ես նրանց հետ մտերմիկ հարաբերություն չեմ ունեցել, պաշտոն չեմ զբաղացրել երբևէ, ես և Հովիկ Աբրահամյանն իրար հետ եղել ենք մրցակիցներ 1995 թվականին, իսկ Արտաշատի ընտրատարածքում նրան պաշտպանում էր Լևոն-Տեր Պետրոսյանը: Կարապետ Ռուբինյանին ուղարկել էր, որ հայտարարի, թե Հայոց Համազգային շարժումը պաշտպանում է Հովիկ Աբրահամյանին»,- ասաց Արամ Հարությունյանը: