Վերջին շրջանում բավական շատ է խոսվում այն մասին, որ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն չի վայելում ՀՀԿ-ում: Հարցը, որքան էլ շատերի համար բարդ թվա, այն ունի պարզ և հստակ պատասխան. եթե Հովիկ Աբրահամյանը չվայելեր վստահություն, միանշանակ չէր զբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը: Իսկ այն, որ Հովիկ Աբրահամյանը վայելում է նախագահ Սերժ Սարգսյանի վստահությունը, ապացուցում է այն, որ հիմա Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարի պաշտոնը՝ շարունակելով ղեկավարել նաև Ազգային ժողովը: Իսկ այդ վստահությանը Հովիկ Աբրահամյանը արժանացել է իր կատարած քայլերի շնորհիվ, թեև, շատերը փորձում էին Աբրահամյանի խնամիական կապը Գագիկ Ծառուկյանի հետ ներկայացնել ավելի կարևոր, քան պետական գործունեությունը: Իսկ այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը թերահավատներին ապացուցեց հակառակը՝ ցույց տալով, որ ինքը առաջին հերթին պետական գործիչ է և Հանրապետական կուսակցության անդամ, իսկ խնամիական կապը իրեն չի խանգարում առաջ տանելու իր թիմի քաղաքական ուղեգիծը՝ ինչ- որ տեղ նույնիսկ վտանգելով իր անձնական հարաբերությունները: Ավելին՝ այս ամենից հետո անգամ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունների մեջ փոփոխություն չի եղել: Իրականում մեր պետության առաջ ծառացած խնդիրները գիտակցում է նաև Գագիկ Ծառուկյանը, և այս էր պատճառը, որ ԲՀԿ առաջնորդը չառաջադրվեց' հասկանալով, որ այս փուլում երկիրը կարող է ճիշտ ղեկավարել և առաջընթաց ապահովել միայն նախագահ Սերժ Սարգսյանը: Այս ամենը հասկանալով և գիտակցելով հանդերձ՝ այլևս անիմաստ է դառնում ինչ-որ անցքեր փնտրելը, որը, ի վերջո, փնտրողներին բերելու է ոչինչ:

Հ.Գ. Որոշ լրատվամիջոցներ, լրագրողներ և նրանց պատվիրատուները պետք է հասկանան, որ «ցեխ շպրտելով» քաղաքական գործչի ուղղությամբ, որը ներկայացնում է մեր պետությունը' առաջին հերթին վնասում են Հայաստանի Հանրապետության շահերին:

Բորիս Մուրազի