«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն ի պաշտոնե նաև Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, այս օրերին ակտիվորեն զբաղվում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործերով: Հայտնի է, որ անցած տարեվերջին նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը անցել է ընդհատակ՝ խուսափելով նույնիսկ հանդիպել իր կուսակիցների հետ ու կատարել դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ու հետո նրանց տված խոստումները: Ստեղծված իրավիճակից որոշել է օգտվել Հ. Աբրահամյանը:
Մեր տեղեկություններով, ԲՀԿ-ի տարբեր տրամաչափի գործիչների ու պաշտոնյաների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին հրապարակային, կիսահրապարակային կամ ընդհանրապես ոչ հրապարակային հայտարարությունները համակարգում է Հ. Աբրահամյանը:
Տարեսկզբից ի վեր տեղական նշանակության կարևոր ԲՀԿ-ականներ որոշել էին դուրս գալ կուսակցությունից՝ ցանկություն հայտնելով անդամագրվել ՀՀԿ-ին: Հ. Աբրահամյանին դիմած գործիչները ԱԺ նախագահին ասել են, որ իրենց հարցերը լուծելու դեպքում պատրաստ են դուրս գալ ԲՀԿ-ից, նախագահական ընտրություններին աշխատել Ս. Սարգսյանի օգտին ու դրանից հետո՝ անգամ անդամակցել ՀՀԿ-ին: Հ. Աբրահամյանը, սակայն, նրանց հորդորել է այդ ամենը անել, բայց ԲՀԿ-ից դուրս չգալ: Փոխարենը խոստացել է լուծել նրանց հուզող հարցերը: Այդպիսով Հ. Աբրահամյանը հատկապես ցանկանում է ամբողջական պահել ԲՀԿ-ի համանուն խմբակցությունը, որպեսզի այն չտրոհվի: Հովիկ Աբրահամյանը հույս ունի, որ կուսակցության ստվերային ղեկն իր ձեռքը վերցնելու դեպքում այն կարող է շատ կարևոր դերակատարություն տալ իրեն և՛ ՀՀԿ-ում, և՛ ԲՀԿ-ում:
Իր այդ քայլով Հ. Աբրահամյանը մի քանի խնդիր է լուծում: Նախ՝ Ս. Սարգսյանին ցանկանում է ապացուցել, որ ԲՀԿ-ն իր միջոցով մնալու է նախագահի ու ՀՀԿ-ի ազդեցության տակ: Նա նաև ցանկանում է նախագահական ընտրություններից հետո այդ կուսակցությանը կոալիցիա վերադարձնել: Մյուս կողմից էլ, իր այդ ակտիվ դերակատարությամբ նա ցանկանում է ազդեցություն ու նաև մասնաբաժին ունենալ ԲՀԿ-ում՝ վերջապես դառնալ այդ կուսակցության ստվերային ղեկավարը: