Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո ամենից շատ հնչող հարցը՝ նրա առողջության վերաբերյալ տեղեկացումից հետո, այն է, թե ում կարող էր ձեռնտու լինել տեղի ունեցածը, որով փաստացի լուրջ հարված հասցվեց ընտրական գործընթացին եւ այն որպես լավագույնը ներկայացնելու Սերժ Սարգսյանի ջանքին:
Կարելի է գտնել այդ հարցի պատասխանի մի քանի հավանական տարբերակներ, որոնք բոլորն էլ կարող են լինել ոչ պակաս հիմնավոր, թե ում էր ձեռնտու կատարվածը: Կարելի է «շահառուներ» գտնել թե ներսում, թե դրսում: Թե ինչ վարկած կտա պաշտոնական քննությունը, կերեւա ժամանակի ընթացքում: Ընդ որում հետաքրքրական է, թե արդյոք այդ վարկածը կամ անգամ հստակ եզրակացությունը կլինի մինչեւ փետրվարի 18-ի քվեարկությունը, թե Սերժ Սարգսյանն այն կպահի դրանից հետո տեղի ունենալիք գործընթացների համար:
Այդ իմաստով բավական հետաքրքրական հայտարարությամբ է հանդես եկել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Հայրիկյանի դեմ մահափորձից անմիջապես հետո՝ հիվանդանոցում, Սերժ Սարգսյանի շտաբի պետը հայտարարել է, որ ամեն ինչ արվելու է հանցագործին եւ նրա հետեւում կանգնած քաղաքական ուժերին բացահայտելու համար:
Այդ հայտարարությունը ուշագրավ է ոչ միայն այն պատճառով, որ դա անում է իշխանության թեկնածուի շտաբի պետն ու ԱԺ նախագահը: Այստեղ էական է նաեւ հենց Հովիկ Աբրահամյանի գործոնն ինքնին: Իշխանական հիերարխիայում Աբրահամյանն ունի բավական հետաքրքրական կարգավիճակ: Նա յուրօրինակ կամուրջ է ոչ միայն իշխանության երկու հիմնական բեւեռների, այլ նաեւ այսպես ասած «նախկին» եւ «նոր» իշխանության միջեւ:
Բառի բուն եւ պատկերավոր իմաստով խնամիական այդ կարգավիճակը Հովիկ Աբրահամյանին ստիպում էր մշտապես հանդես գալ հնարավորինս զգուշավոր եւ հավասարակշռված, այսպես ասած երկու բեւեռների, նախկինի ու նորի միջեւ «դիվերսիֆիկացված» մոտեցումներով: Եվ այդ տեսանկյունից հետաքրարական է, որ Հովիկ Աբրահամյանը մի կողմ թողնելով «կոմպլեմենտարիզմը», հայտարարում է, որ կատարվածը հանցագործություն էր որակյալ ընտրության, Սերժ Սարգսյանի դեմ, ու դրա հետեւում կան քաղաքական ուժեր:
Այլ կերպ ասած, Հովիկ Աբրահամյանն անցնում է «կամուրջը», այսինքն անցնում է ինքն իր «վրայով»: Իսկ դա վկայում է ներքին քաղաքական իրավիճակում հետաքրքրական շարժի մասին, որ տեղի է ունենում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո: Վերջին հաշվով, ներքաղաքական կյանքում չկա ստատիկ վիճակ, եւ «ում է ձեռնտու» հարցն աստիճանաբար կորցնելու է իր հրատապությունը, թեկուզ զարգացումների համատեքստի առումով, տեղը զիջելով հարցին, թե ո՞վ է կարողանալու ստեղծված իրավիճակում կողմնորոշվել ամենաճիշտը եւ կատարել անհրաժեշտ քայլեր՝ իրավիճակն իր օգտին շրջելու համար:
Եվ եթե Հայրիկյանի դեմ մահափորձն առաջին հարվածի առումով կարծես թե ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ, ապա նկատելի է նաեւ, որ Սերժ Սարգսյանն անմիջապես որոշել է երկրորդ հարվածն արդեն ինքը հասցնել, գուցե նաեւ ինչ որ առումով կանխարգելիչ կամ պրոֆիլակտիկ նպատակով՝ դա ազդարարելու համար ընտրելով խորհրդանշական ֆիգուրը՝ Հովիկ Աբրահամյանին, ով Հայաստանի իշխող համակարգի առանցքային սեգմենտների համար թերեւս ամենամատչելի լեզուն է:Ներիշխանական, նախընտրական խորքային զարգացումների գործընթացում տեղի ունեցած ֆորս-մաժորում հենց Հովիկ Աբրահամյանը պետք է ընտրվեր որպես Սերժ Սարգսյանի «խոսնակ», որովհետեւ հենց հատկապես նրա տեսքով հղված մեսիջներն են, որ իշխող համակարգի բոլոր բեւեռներում կամ անկյուններում կընկալվեն միարժեք, համարժեք ու հստակ եւ չեն առաջացնի ինդիկացիոն տարընթերցումներ:
Ընդ որում, խնդիրն այստեղ այն չէ, որ Սերժ Սարգսյանը դրանով վկայում է, որ մահափորձը այսպես ասած «հայաստանյան» ծագման է: Ինչպիսին էլ լինի դրա «ծագումը», ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի համար հայաստանյան իրավիճակի լիակատար վերահսկողությունը ներկայում դառնում է ռազմավարական անհրաժեշտություն, թե այն դեպքում, եթե մահափորձը Հայաստանից է, թե առավել եւս այն դեպքում, եթե այն դրսի մտահղացում է: Բանն այն է, որ այդ դեպքում առաջանում է հարց, թե արդյոք այդքանն էր մտահղացումը, թե ժամանակի մեջ կարող են լինել նոր անակնկալներ, որոնցից խուսափելու համար Սերժ Սարգսյանին կամ հարկավոր է լինելու բանակցության նստել «ահաբեկիչների» հետ ու լսել նրանց պայմանները, կամ պարզապես արագորեն վերցնել իրավիճակը վերահսկողության տակ եւ հնարավորինս զրոյացնել կամ նեղացնել նրանց հետագա հնարավոր քայլերի դաշտը, կամ չեզոքացնել վերջնականապես: