ՀՀԿ-ն երեկ գործադիր մարմնի նիստ է անցկացրել' վերջին նիստը նախընտրական քարոզարշավից առաջ, և այս նիստում երևի թե ամենաուշագրավ բանը, որ գոնե առերևույթ դրսևորվել է, Հովիկ Աբրահամյանի' նիստից շուտ հեռանալն էր' դեռ նիստը չավարտված:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ նախընտրական շտաբի պետն է, և եթե ՀՀԿ գործկոմի նիստը եղել է վերջինը' ընտրարշավից առաջ, ՀՀԿ շտաբի պետը պետք է որ լիներ այդ նիստի առանցքային դեմքերից մեկն ու մնար մինչև վերջ: Աբրահամյանի' վաղաժամ նիստը լքելը բացատրել են նրանով, որ նա պետք է հանդիպեր դիտորդներին, ընթրեր նրանց հետ:
Զարմանալի է, իհարկե, որ ՀՀԿ-ն նիստը անցկացրել է դիտորդների հետ Աբրահամյանի ընթրիքի նույն օրը, կամ Աբրահամյանն է դիտորդների հետ որոշել նույն օրն ընթրել, այն էլ' երեկոյան բավական ուշ ժամի. չէ՞ որ հնարավոր էր կամ ՀՀԿ գործկոմի նիստը հետաձգել, կամ ընթրիքը: Ի վերջո' խոսքը գործկոմի շարքային անդամի մասին չէ, այլ ՀՀԿ շտաբի պետի:
Այս իրողությունը երևի թե այնքան էլ աչքի չզարներ, եթե տեղի չունենար Հովիկ Աբրահամյանի բրյուսելյան այցից անմիջապես հետո: Բանն այն է, որ այցից հետո հայկական պատվիրակության ամփոփչ ասուլիսը բավական հետաքրքրական կազմակերպչական ելևէջներով ստացվեց: Նախ' պատվիրակության ասուլիսի մասին հայտարարվեց, հետո ասուլիսը չեղյալ հայտարարվեց և նշվեց, որ այցը կամփոփի ոչ թե պատվիրակությունը, այլ անձամբ Հովիկ Աբրահամյանը, իսկ հետո, այնուհանդերձ, Հովիկ Աբրահամյանը չամփոփեց, և պատվիրակությունը ստիպված եղավ տալ ասուլիսն ու ամփոփել: Եվ ահա սրանից անմիջապես հետո էլ' ՀՀԿ նիստի և այդ նիստից շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի վաղաժամ հեռանալու փաստը:
Ինչպես ասում են, մի քանի օրվա կտրվածքով այս զարգացումները' Հովիկ Աբրահամյանի «կատարմամբ», երևի թե բավական բուռն են' օրինաչափ և սովորական համարվելու կամ արարողակարգային բացատրությունների համար: Ինչպես երևում է, Բրյուսել կատարած այցելությունից հետո Հովիկ Աբրահամյանը իսկապես շատ խառն է և պարզապես իր տեղը չի գտնում'երևի բառի բուն և պատկերավոր իմաստով: