Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ, Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ պատասխանել է «Հժ»-ի հարցերին:
- Պարոն Աբրահամյան, Սերժ Սարգսյանի այս քարոզարշավը տարբերվում է 2008-ի քարոզարշավից, մասնավորապես նրա
հանդիպումները ընտրողների հետ դահլիճային են, ինչո՞ւ այդպես որոշվեց, ՀՀԿ-ի համար ի վերջո հասկանալի դարձա՞վ,
որ չարժե մարդկանց այդպես բերել հանրահավաքների:
- Ոչ, մենք քննարկել ենք այս հանդիպումների արդյունավետությունը և իմ կարծիքով, շատ ճիշտ ռազմավարություն ենք ընտրել՝ յուրաքանչյուր մարզկենտրոնում մի բացօթյա հանդիպում, իսկ մյուս քաղաքներում դահլիճային՝ նաև հաշվի առնելով եղանակը, հաշվի առնելով, որ մարդկանց համար նորմալ լինի, կոմֆորտ լինի: 2008-ին մենք ավելի շատ բացօթյա էինք անում, որովհետև նախագահը ներկայանալու խնդիր ուներ. առաջին ժամկետն էր, նրան մարդիկ, իհարկե, ճանաչում էին, բայց մենք նախընտրեցինք, որպեսզի ինքը բացօթյա հանդիպումներ ունենա, որովհետև դահիճները սահմանափակ տեղ ունեն, շատ մարդիկ ցանկություն ունեն, չեն կարողանում մասնակցել:
- Տարբեր ՀՀԿ-ականներ առիթը բաց չեն թողնում հայտարարելու, որ այս անգամ Հայաստանի նորագույն պատմության մեշ ամենադեմոկրատական ընտրություններն են անցկացվելու, այնինչ, ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայտարարեցին, որ ընտրությունների նկատմամբ անտարբերություն և հանրային անվստահություն կա, արդյո՞ք դա արդեն իսկ չի՞ ստվերում ընտրությունները:
- Այդ գնահատականները իրականությանը չեն համապատասխանում: Ես հանդիպել եմ ԵԽԽՎ դիտորդների հետ, իրենց հետ քննարկել եմ, և մենք մեր անհամաձայնությունը հայտնել ենք իրենց դիրքորոշման հետ, մենք ապացուցեցինք, որ իրենք, նույնիսկ չեն էլ ստուգել այն փաստերը, որոնք ներկայացվել են ընդդիմության կողմից, և այնտեղ կային մարդիկ, որոնք ի սկզբանե սուբյեկտիվ տրամադրվածություն ունեին: Իսկ ինչ վերաբերվում է պասիվությանը կամ անվստահությանը, ես կարծում եմ, ավելի շատ այդ անվստահության
մթնոլորտը ստեղծվել է բամբասանքների հիմքերի վրա:
- Վերջին օրերին կրկին ակտիվացան խոսակցությունները վարչապետի պաշտոնանկության մասին: Վերլուծություններ կային, որ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ կարվի, խոսվում է, որ դուք կրկին փորձում եք վարչապետ դառնալ, բայց չի ստացվում: Որքանո՞վ են հիմնավոր այս խոսակցությունները:
- Ես հասկանում եմ, ինչու նորից այս խոսակցությունները սրվեցին, դա կապված է նախագահական ընտրությունների հետ, որ դրանից հետո ձևավորվելու է նոր կառավարություն: Ես իմ կարծիքը չեմ փոխել, որ ասել էի՝ միտք չունեմ վարչապետ դառնալ: Իսկ ինչ վերաբերում է վարչապետին, ես դրանք ուղղակի դատարկ խոսակցություններ եմ համարում: Նորմալ աշխատում է վարչապետը, և որևէ հարց մեր կուսակցության գործադիր մարմնում չի քննարկվել:
- Ասում են, որ նրա տրամադրությունը շատ վատ է, նյարդային է դարձել:
- Չեմ կարծում, որևէ նման միտում ես չեմ տեսել:
- Նաև նոր կառավարության կազմ է քննարկվում:
- Ոչ մի հարց չի քննարկվել:
- Խոսքը կուլիսային քննարկումների մասին է:
- Դե, կուլիսներում ամեն ինչ էլ քննարկվում է, բայց կուսակցությունը որևէ նման հարց չի քննարկել: Իմ կարծիքով, դա անլուրջ է այնքանով, որ նախագահական ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրությունները կավարտվեն, հետո անպայման նման քննարկումներ կլինեն:
- Դուք բացառո՞ւմ, թե՞ հնարավոր եք համարում, որ այս ընտրություններից հետո, այդուամենայնիվ, կրկին ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմվի:
-Ոչ մի բան մի բացառեք: Ես չեմ բացառում: Քաղաքականության մեջ երբեք մի ասեք՝ երբեք: Ամեն ինչ հնարավոր է, բայց կոնկրետ հարց չի քննարկվել, չկա նման պայմանավորվածություն:
- Ավելի շատ խոսվում է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին:
- Ես ոչ մի բան չեմ բացառում, բայց չենք քննարկել նման հարց:
- Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ականները շատ հաճախ են ձեր շտաբ այցելում: Օրինակ, երեկ Վարդան Վարդանյանն է այստեղ եղել, անցյալ շաբաթ՝ Հարություն Քուշկյանը: Սա նշանակում է, որ նրանք էլ ե՞ն սատարելու Սերժ Սարգսյանին:
- Ես չեմ տեսել: Ոչ Հարություն Քուշկյանին եմ տեսել, ոչ էլ Վարդան Վարդանյանին: Չգիտեմ՝ ում մոտ են եկել, բայց ես չեմ տեսել:
- Համացանցում ակտիվորեն շրջանաովում է ձեր բրյուսելյան այցի «զավտրիկի» տեսանյութը: Հաճախ ե՞ք նման հումորներ անում:
- Այո, գոնե լավ է, որ դուք հասկացել եք, որ ես հումոր եմ արել, ես ճիշտն ասած, ուտելու հանդեպ մեծ սեր չունեմ, ուղղակի ես կատակով, քանի որ մեր հարաբերությունները շատ նորմալ են պարոն Շուլցի հետ, ասեցի՝ ինչ լավ սեղան եք պատրաստել, եթե իմանայինք, որ այսպիսի զավտրիկի սեղան կլինի, ես ուժին չէի անի: Կատակ ենք արել և սկսել մեր խնդիրները քննարկել: Բայց որոշ մարդկանց, եթե այդքան հետաքրքրում է իմ ուտելը, ես ուտել շատ չեմ սիրում, իմ համար շատ սովորական է ուտելը և ես ընտրյալ ճաշատեսակներ էլ չունեմ:
- Դուք ձեզ շատ տնավարի եք պահել եվրոպացի պաշտոնյաների հետ:
- Տնավարին շատ հարաբերական հասկացողություն է, ազատ եմ պահել, այո, բայց տնավարի՝ չէ: Ի՞նչ է պատահել որ, մենք մի երկիր ենք, նրանք էլ մի ուրիշ երկիր են. մենք հո իրենց ստրուկը չե՞նք:
- Պարոն Աբրահամյան, այսօր ձեր ծնունդն է, ինչպե՞ս եք նշելու:
- Երեկ գիշերը ես նշել եմ իմ թոռնիկների, երեխաների, տիկնոջս հետ, և այդ ձևաչափը արդեն երրորդ տարին է, ես նախընտրում եմ, իսկ այսօր մենք աշխատում ենք սովորականի պես: Իհարկե, բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել նաև իմ բազմաթիվ կոլեգաներից, ՈԴ-ից, Ղազախստանից և այլն: