Ազգային Ժողովում հունվարի 14-ին չի կայացել Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Բրյուսել այցելած պատվիրակության նախատեսված մամուլի ասուլիսը: ԱԺ-ն պատճառաբանել է, որ հետաձգումը տեխնիկական է, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որ պատվիրակության անդամ է եղել, yerkir.am-ին պարզաբանել է. «Մտածում ենք, որ արդյունքների մասին խոսի հենց Հովիկ Աբրահամյանը: Այլ պատճառներ չեն կարող լինել, որովհետեւ այցն իր որակական եւ քաղաքական ցուցանիշներով բավական բարձր էր»:
Գալուստ Սահակյանի պատասխանից տպավորություն է, որ կարծես թե ասվի. «Հովիկ Աբրահամյանն ինչպես մեզ տարել էր Բրյուսել, թող այդպես էլ հիմա տակից դուրս գա»: Կամ նման մի բան: Եվ այն, որ ԱԺ-ում նախ պատվիրակության այց է պլանավորվել, հետո հետաձգել են ու որոշվել է, որ ասուլիս պետք է տա եւ այցն ամփոփի Հովիկ Աբրահամյանը, կարծես հուշում է, որ Աբրահամյանը նախ խուսափել է ասուլիսից, սակայն հետո ինչ որ բան նրան ստիպել է անել այդ բանը:
Այլ կերպ ասած, Հովիկ Աբրահամյանը Բրյուսելից երեւի թե այնքան էլ լավ տրամադրությամբ չի վերադարձել: Ըստ ամենայնի, եվրապաշտոնյաներն այնքան էլ չեն հավատացել Հայաստանի ինտեգրացիայի վերաբերյալ նրա հավաստիացումներին, կամ ավելի շուտ չեն հավատացել, որ նա պատրաստ է ինքնազոհաբերման: Ի վերջո, եթե խոսքը Հայաստանում իրական եվրաինտեգրացիայի մասին է, ապա դա կնշանակի, որ առաջին հեռացողներից մեկը պետք է լինի Հովիկ Աբրահամյանը, բիզնեսի ու իշխանության սերտաճվածության հաստ թելերից առաջիններից մեկը պետք է կտրվեն Աբրահամյանի քաշած թելերը:
Կոնյակն այս անգամ կամ հարց չի լուծել, կամ աղմուկից խուսափելու համար Աբրահամյանը խուսափել է կոնյակ տանելուց: Չի բացառվում սակայն, որ Հովիկ Աբրահամյանից առաջ նրա խնամի Գագիկ Ծառուկյանն իր բրյուսելյան այցի ընթացքում տեղի «շուկան» հագեցրել է կոնյակով՝ առավել եւս որ ինքն էլ հենց կոնյակ արտադրող է, ու ժամանակից շուտ արժեզրկել է կոնյակը, խնամուց առաջ ըստ էության ամայացնելով դրա պահանջարկը:
Եթե այցելությունը բարեհաջող անցներ, ապա կասկած չկա, որ ԱԺ նախագահը կշտապեր առաջինն ու անձամբ այդ մասին հայտներ Հայաստանի հասարակությանն ու հանդես գալ հաղթական ասուլիսով՝ հատկապես իր մրցակից Տիգրան Սարգսյանի ամերիկյան բավական տպավորիչ այցից հետո:
Թե ինչ են ասել Բրյուսելում Հովիկ Աբրահամյանին, երեւի արդեն կարեւոր էլ չէ: Գուցե ոչինչ էլ չեն ասել: Էականն այն է, որ կարծես թե նրան չեն ասել այն, ինչ նա կցանկանար լսել այնտեղ: Ու պարզ է, թե ինչու Աբրահամյանը միանգամից չի «նետվել» ասուլիսի՝ շատ դժվար է ասել այն, ինչ չեն ասել քեզ Բրյուսելում: