Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում քիչ առաջ ավարտվեց ՀՊՏՀ խորհրդի նիստը, որին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հովիկ Աբրահամյանը ՀՊՏՀ-ի խորհրդի նախագահն է, նույն բուհի պատվավոր դոկտոր. նա ողջունեց խորհրդի մասնակիցներին, ներկաներին և շնորհավորեց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի առիթով: ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2012 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2013 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին զեկույցով:
Կորյուն Աթոյանը համալսարանի խորհրդին ներկայացրեց նաև ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում հետազոտական կենտրոն ստեղծելու մասին հարցը: «Հետազոտական համալսարան ստեղծելու ճանապարհով մենք կհասնենք հետազոտությունների բնագավառում մրցունակության ապահովմանն ու դրանց առևտրայնացմանը մտավոր սեփականության շուկայում, ինչպես նաև կնպաստենք բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստմանը»,- հայտարարեց նա:
ՀՊՏՀ ռեկտորը հավելեց նաև, որ բնագավառի ռազմավարական նպատակն է՝ համալսարանի շրջանակներում հաշվեկշռված հետազոտական, մշակումների և նորաստեղծական արդյունավետ համակարգի ձևավորումը, որը, ռեկտորի խոսքով, կապահովի կրթական, հետազոտական և նորաստեղծական գործընթացների ինտեգրումն ու տեխնոլոգիական արդիականացումը: ՀՊՏՀ խորհուրդը, խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, միաձայն հավանության արժանացրին ՀՊՏՀ 2012 թվականի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու ֆինանսատնտեսական գործունեությունը, 2012 թվականի բյուջեի կատարման արդյունքները և հաստատեցին ՀՊՏՀ 2013 թվականի բյուջեն: Նիստի ավարտից հետո, թերևս լրագողների հարցերից խուսափելու նպատակով՝ Հովիկ Աբրահամյանը հեռացավ համալսարանի հետնամուտքով: