Այսօր` սեպտեմբերի 9-ին, մեկնարկել են Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի աշխատանքները:
Խորհրդարանում պատգամավորների կողմից բարձրացվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման մասին հարցը:
Պատգամավորները հարցերով դիմում էին ԱԺ նախագահին' իմանալու համար, թե երբ է այդ հարցը քննարկման դրվելու ԱԺ-ում:
«Դուք ասեցիք` կհրավիրեք, կխոսենք կքննարկենք, բայց հասկանալի չդարձավ, թե ում ենք հրավիրելու, դա երբ է տեղի ունենալու: Դուք ասում եք, որ Սերժ Սարգսյանն իրեն աջակցող ուժերին պարզաբանել է, և այլն, ես ուզում եմ շեշտել, որ Սերժ Սարգսյանին աջակցող ուժեր անունով պետական ինստիտուտ ՀՀ-ում գոյություն չունի, եթե մենք խոսում ենք պետության և պետական մակարդակի որոշումների մասին, մենք պետք է խոսենք պետական ինստիտուտների մակարդակով»,-դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին' ասաց Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքնելով' Հովիկ Աբրահամյանը ասաց. «Հիմա ուզո՞ւմ եք, ես ժամկետ ասեմ և օր հնչեցնեմ, ես պետք է խոսեմ, նախարարը ՀՀ-ում է, թե ՀՀ-ում չէ, այդ ժամանակները կհստակեցնենք և կտեղեկացնենք: ՀՀ նախագահը համաձայնություն է տվել միանալու Մաքսային միությանը, իսկ ընթացակարգերը ժամանակի խնդիրներ են, մեծ աշխատանքներ պետք է ծավալվեն, և այնտեղ աշխատանքի հիմքում պետք է դրված լինեն ՀՀ շահերը: Ամբողջական փաթեթը լինելուց հետո կգա Ազգային ժողով, և մենք կունենանք մեծ հնարավորություն' քննարկելու, մեր տեսակետները հայտնելու,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ինքը համամիտ է այն տեսակետների հետ, ըստ որոնց' Ազգային ժողովը մնացել է ստվերում: