Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նախօրեին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին' ԱԺ նախագահը վստահեցրել է, որ, անկախ տարածաշրջանում առկա խնդիրներից և մարտահրավերներից, Հայաստանը հաստատակամորեն ընտրել է պետականաշինության ժողովրդավարական ճանապարհը: Հայաստանը հաստատակամ է եվրոպական չափանիշներին համապատասխան խորքային և համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում: Եվրամերձեցման քաղաքականությունը Հայաստանի համար ոչ միայն ներքին բարեփոխումների, այլև արտաքին քաղաքական օրակարգի առանցքներից է:
Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին' նշելով, որ հայկական կողմի դիրքորոշումը հիմնված է միջազգայնորեն ընդունված երեք սկզբունքների վրա. դրանք են' ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, ազգերի ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը:
Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է այս գործընթացին՝ կառուցելով իր քաղաքականությունը միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: ԱԺ նախագահի գնահատմամբ' այս մոտեցմամբ հնարավոր չէ խոսել փոխզիջումների մասին:
Հովիկ Աբրահամյանը նշել է նաև, որ Ադրբեջանը, խեղաթյուրելով հակամարտության էությունն ու հետևանքների բուն պատճառները, նաև քայլեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման մեջ ներքաշելու այլ միջազգային կազմակերպությունների' փորձելով խոչընդոտել բանակցային գործընթացը և հետապնդելով քարոզչական նպատակներ, ինչը միանգամայն անընդունելի է:
Բելգիայի Սենատի նախկին նախագահ, այժմ Սենատի նախագահի տեղակալ Արման դը Դեկկերը օբյեկտիվորեն է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ միջազգային հանրության ու Հայաստանի կատարած քայլերը' համոզմունք հայտնելով, որ դրանք պետք է լուծում ստանան բացառապես միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան:
Ըստ աղբյուրի, Հովիկ Աբրահամյանը Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունին և Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյին հրավիրել է Հայաստան: