«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր գլխավորած պատվիրակության հետ միասին հունվարի 8-ին Բրյուսել է մեկնել չարթերային թռիչքով, ինչը շատ ավելի թանկ է, քան սովորական չվերթով թռչելը: Մեր տեղեկություններով ԱԺ նախագահն իր արտասահմանյան գրեթե բոլոր գործուղումների ժամանակ հատուկ ինքնաթիռ է վարձակալում: Բնականաբար, դա բավականին թանկ է նստում ԱԺ բյուջեի վրա:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա ինքնաթիռի ծախսերից բացի, ԱԺ բյուջեից բավականին կլորիկ՝ մինչև 40-50 հազար դոլարին հասնող գումար էլ վերցնում է այնտեղ ծախսելու համար՝ հետագայում դա ձևակերպելով որպես ներկայացուցչական ծախսեր: Ավելի քան մեկ ամիս առաջ «Առաջին լրատվական»-ը դիմել էր ԱԺ լրատվական ծառայություն ԱԺ նախագահի որոշ ծախսերի մասին տեղեկատվություն ստանալու համար, բայց մինչ օրս ԱԺ-ից այդ հարցերի պատասխանը չենք ստացել: