ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօրվա ասուլիսում մի քանի անգամ ակնարկեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իշխանություններին ողջամիտ առաջարկություն անի: Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ առաջարկների մասին է խոսքը, եթե նախկինում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները մերժվել են, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց.
«Եթե նկատել եք, ես յուրաքանչյուր խոսքի մեջ ասել եմ՝ ողջամիտ առաջարկություն: Եթե պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկի՝ արի գնում ենք երկրորդ փուլ, պարոն Սերժ Սարգսյան, պարոն Սերժ Սարգսյանը ո՞նց պետք է համաձայնի: Դա ողջամիտ առաջարկությո՞ւն է: Եթե պարոն Հովհաննիսյանը գնում պարոն Սերժ Սարգսյանին առաջարկում է Ազգային ժողովը լուծարել, Սերժ Սարգսյանը ո՞նց պետք է գնա ընդառաջ, եթե դա Սահմանադրության, օրենքի որևէ կետով հնարավոր չէ դա իրականացնել: Իմ կարծիքով, ողջամիտ առաջարկությունն այն է, որ կարող է առաջարկել, ասել, որ ենթադրենք կոնկրետ Ժառանգություն կուսակցության որևէ մի անդամը շատ լավ կկառավարի տվյալ ոլորտը, մենք առաջարկում ենք, որ ընդգրկեք կառավարությունում: Թող առաջարկեն, ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը նման հարցեր պատրաստ կլինի քննարկել պարոն Հովհաննիսյանի հետ: Եվ դա ողջամիտ առաջարկ եմ ես համարում»:
Հարցին, թե վերահսկողական ծառայություններում կընդգրկե՞ն Ժառանգության անդամներին, Հովիկ Աբրահամյանը նշեց. «Ինչու չէ, հնարավոր է, թող առաջարկեն, կքննարկենք»: