ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան, որին մասնակցում են տասնյակ քաղաքացիներ:
Իրավիճակը գնալով լարվում է: Ոստիկանությունը կրկնապատկել է ուժերը:
Ցուցարարներն՝ ի նշան բողոքի, փակել էին Սարյան փողոցը, ոստիկաններին հաջողվեց ուժի կիրառմամբ բացել ճանապարհը:
Ցուցարարները ճանապարհը փակելու համար մեկ այլ տարբերակ գտան. վերջիններս սկսեցին հետիոտնի համար նախատեսված անցումային գծերով անընդհատ փողոցի մի կողմից մյուսն անցնել:
Ոստիկաններն ակտիվիստներին հեռացրեցին նաև անցումային գծերի վրայից:
Նշենք նաև, որ մինչ այդ ակցիայի երկու մասնակից բարձրացել էր Հանրային ծառայությունները կարգավորող՝ հանձնաժողովի նիստին: Նրանցից մեկը դուրս գալով Հանձնաժողովի շենքից, հայտարարեց, որ նիստերի սենյակը բավական է մեծ է, և կարող են ակտիվիստները ևս մասնակցել քննարկմանը:
Օսիպյանը, սակայն, հայտարարեց, որ ակտիվիստը ստում է, և սենյակում տեղ չկա:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան կազմակերպել է «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» նախաձեռնությունը, որին մասնակցում են մի շարք քաղաքական գործիչներ՝ ՕԵԿ խմբակցության պատգամավորները, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: