«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրեն Եվգենի Բիբինը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե ընկերությունը գտնվում է սնանկացման եզրին, ինչով էլ պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման մասին դիմումը Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովին: ՀԾԿՀ նիստից հետո պատասխանելով լրատվամիջոցների հարցրին' Բիբինը նշեց, որ այդ լուրերը չեն կարող համապատասխանել իրականությանը: «Ընկերությունը պահանջված չափանիշներով կատարում է կառավարումը և մենք կրում ենք պատասխանատվություն մեր սպառողների առաջ: Ընկերությունը իրականացնում է իր գործունեությունը և սնանկացման մասին խոսք չի կարող գնալ»,-ասաց նա:

 

ՀԷՑ տնօրենը հերքեց նաև այն լուրերը, թե իր աշխատավարձը 40 000 դոլար է: Նրա խոսքով' ընկերության միջին աշխատավարձը 200 000 դրամ է, իսկ իր աշխատավարձը 10 անգամ պակաս' իրեն վերագրվող 40 հազար դոլարից: «Կարծում եմ՝ այս ցուցանիշն այնքան էլ բարձր չէ: Կան օրինակներ, երբ որակավորված մասնագետներն ավելի բարձր են ստանում», -ասաց նա:

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների, այդ թվում բնակիչների համար' ցերեկային սակագինը սահմանվեց 41,85 դրամ/կՎտժ, գիշերայինը' 31.85 դրամ/կՎտժ: