ՀՀ կառավարությունը հայ արտադրողների առջև խնդիր կդնի լիակատար ներդնել սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման համակարգերը: Սննդամթերքի անվտանգության միջազգային ստանդարտների վերաբերյալ հուլիսի 4-ին կայացած համաժողովի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետ Աբրամ Բախչագուլյանը:
Նրա խոսքով' ՍԱՊԾ-ը Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինասնական կորպորացիայի հետ (IFC) շուրջ երկու տարի աշխատել է արտադրության ոլորտում որակի ու անվտանգության համակարգերի ներդման ծրագրի ուղղությամբ: «2012-ին համատեղ հրատարակել ենք պատշաճ հիգիենայի (GHP) և պատշաճ արտադրական պրակտիկայի (GMP) մասին ձեռնարկներ: Այսօր գնացել ենք մի քիչ առաջ: Ծառայության կողմից մշակվել են շուրջ յոթ ոլորտի որակի և անվտանգության համակարգերի ներդրման ձեռնարկներ' վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկմանն ուղղված ուղեցույցներ: Արտադրողներին պետությունը հնարավորություն է ընձեռում ներդնել այդ համակարգերը, որպեսզի ավելի վստահ լինի ինքնահսկման համակարգերի մեջ, քանի որ սննդամթերքի անվտանգությունն արտադրության փուլում շատ կարևոր է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց պաշտոնյան:
Նշյալ յոթ ոլորտները ներառում են միս-մսամթերքի, կաթ-կաթնամթերքի, ձուկ-ձկնամթերքի, մրգի ու բանջարեղենի պահածոյացման արտադրությունները, ալկոհոլային խմիչքների, բնական հյութերի ու հանքային ջրերի խմիչքների արտադրությունները, ինչպես նաև հանրային սննդի կազմակերպությունները: «Մեր ծառայությունն այս ձեռնարկների կազմումն ու մշակումը դեռ չի ավարտել: Մենք ունենք ոլորտներ, որոնք կանոնակարգման կարիք ունեն: Դա նախևառաջ առևտուրն է և հացի ու հրուշակեղենի արտադրության որոտն է: Կա հանձնարարական իմ կողմից, հուսով եմ մինչ սեպտեմբերի վերջ մենք կփակենք հանրային սննդի ու իրացման ցանցի ամբողջ սպեկտրը»,-նշեց Աբրամ Բախչագուլյանը' հավելելով, որ իրենք պահանջելու են, որ արտադրողները ոչ միայն ծանոթանան, այլև ներդնեն այդ համակարգերը, քանի որ դա հնարավորություն է տալիս պետությանն առավել հասցեական դարձնել վերահսկողությունը:
Հարցին ի պատասխան, թե որակի ու անվտանգության համակարգերի ներդրումը կնպաստի՞ հայկական արտադրանքի արտահանման ծավալների աճին, Բախչագուլյանը նշեց. «Հուսով եմ' այո, որովհետև միջազգային բոլոր շուկաներում աշխատող բոլոր մեծ իրացնող ցանցերը պարտավորեցնում են արտադրողներին ունենալ այդ համակարգերն ու սերտիֆիկացնել դրանք: Պետությունը պարտավոր չի պահանջել սերտիֆիկացում, բայց համակարգի առկայություն պարտավոր է պահանջել: Մեր թիրախն այսօր արտադրությունն է, ոչ թե խանութները, որովհետև խանութներում ռիսկերն ավելի քիչ են»,- ասաց ՍԱՊԾ պետը:
Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «ՆատՖուդ» ընկերության որակի կառավարման համակարգի ղեկավար Իրինա Հակոբյանը գոհունակությամբ նշեց, որ իրենք, համագործակցելով IFC կազմակերպության հետ, գործարանում ներդնում են սննդամթերքի անվտանգության և որակի կառավարման նոր համակարգ' FSSE 22000: «Մենք շատ ենք կարևորում այս փաստը, քանի որ այս համակարգի ներդրումը մեր գործարանին տալիս է շատ մեծ առավելություններ, նախ, ներքին հսկողության առումով, ինչպես նաև արտաքին առավելություններ' նոր շուկաների ներգրավում, բարձրանում է ընկերության իմիջը և սպառողն ստանում է կայուն ու որակյալ սնունդ»,-հայտնեց նա:
Իրինա Հակոբյանի խոսքով' իրենք նախկինում որակի կառավարում իրականացրել են, բայց այն համակարգված չի գործել: «Որակի կառավարման այս համակարգը' «ՀԱՍՊ»-ը, թույլ է տալիս համակարգել որակի կառավարումը, ստեղծել ընթացակարգեր, նախապայմանային ծրագրեր, այսինքն' մենք ոչ թե սպասում ենք անորակ սնունդը պատրաստվի, նոր հասկանանք ինչն է պատճառը, այլ մենք կանխարգելում ենք, վտանգները վերլուծում ենք ու ամբողջ ջանքերը ներդնում ենք այդ վտանգների, մեզ համար կրիտիկական հանդիսացող կետերի հսկողությանը: Մենք նախօրոք գիտենք, թե որտեղից ինչ վտանգ կարող է սպասվել ու կանխարգելում ենք: Այստեղից հետևություն, որ դրա շնորհիվ մարդիկ ավելի որակյալ ու բարձրորակ սննդով կապահովվեն: Հնարավոր չէ, որ այսօր սննդամթերքը որակյալ լինի, վաղը վատը, քանի որ դա համակարգված է ու յուրաքանչյուր մարդ աշխատում է համապատասխան ընթացակարգով»,- հավաստեց մասնագետը:
Մասնավոր ընկերությունները վստահ են, որ համապատասպան սերտիֆիկատի առկայությունը կնպաստի նոր շուկաների զարգացմանը, քանի որ միջազգային շուկա մուտքն առանց որոշակի պահանջներին բավարարելու հնարավոր չէ: