Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, սակայն իրազեկության պակասի պատճառով հասարակության կողմից չկա պահանջարկ: «Իրավունքի գերակայություն» ՀԿ համահիմնադիր Արտակ Զեյնալյանը հուլիսի 4-ին հրավիրված ասուլիսում, խոսելով այս մասին, նշեց, որ իրավական առումով, անշուշտ, սահմանադրության բարեփոխման անհրաժեշտությունը մեծ է, սակայն պետք է հասկանալ' որքանո՞վ է հասարակությունը դրական վերաբերվում այդ բարեփոխումներին: «Այսօր, սահմանադրական բարեփոխումները հասարակության համար օրակարգային խնդիր չեն և նրանց մեծ մասը բարեփոխման խնդիր չի տեսնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Արտակ Զեյնալյանը: Նրա ներկայացմամբ, սահմանադրական բարեփոխումների այն կետը, որ բարեփոխումների արդյունքում հանրաքվեի հարց կարող են բարձրացնել նաև քաղաքացիները՝ դրական է: «Իրավական առումով, սա շատ լավ գաղափար է, քանի հասարակության դերակատարությունն ավելի է մեծանում, սակայն պրակտիկ գործողություններում չեմ կարող ասել, թե սա որքանով կլինի արդյունավետ, քանի որ չկա վստահություն իրավական կառույցների նկատմամբ»,- ասաց Զեյնալյանը:

 

Քննարկման մասնակից ԱԺ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ ասաց, որ ցանկացած բարեփոխում պետք է ունենա լեգիտիմության հիմք: «Ժառանգություն» կուսակցությունը որոշել է որևէ կերպ չմասնակցել սահմանադրական բարեփոխումներին: Պատգամավորը հիշեցնում է, որ 2005թ. Սահմանադրական բարեփոխումների արդյունքում ՏԻՄ մարմինները կարող են ցանկացած հարց լուծել հանրաքվեի միջոցով: «Սակայն արդեն 9 տարի է, որևէ հարց նման եղանակով չի կարգավորվել»,- ասաց Թևան Պողոսյանը' հավելելով, որ չեն օգտագործել այլ եղանակը, քանի որ վստահություն չկա:

 

Նա առաջարկում է, Սահմանադրական բարեփոխումների հարցը թողնել մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները: «Առաջարկում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր ընկալմամբ եւ տեսակետով ներկայացնի սահմանադրական բարեփոխումները' որպես նախընտրական ծրագրի մի կարեւորագույն կետ եւ թող ժողովուրդն ընտրի: Տանք ժողովրդին ընտրության հնարավորություն' հասկանալու, թե սահմանադրական ինչ տեսակի բարեփոխումներ է ցանկանում տեսնել»,- ասաց Թեւան Պողոսյանը: