Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր որոշումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կկայացնի քննարկումների ավարտից հետո:
Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Հանրապետության Նախագահն արդեն հայտարարել է, որ սահմանադրական բարեփո խումների վերաբերյալ իր վերջնական կարծիքը կհայտնի մարտին: Կոռեկտ չէ, որ ես այսօր խոսեմ դրա մասին, սակայն կարծում եմ, որ մոտ ապագայում դուք ավելի տեղյակ կլինեք, թե ինչ գործընթացներ են լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ իրենց նպատակը ոչ միայն ՀՀԿ-ի կարծիքն արտահայտելն է, այլև խնդիրը քննարկելը: «Մեր խնդիրն է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ լինի կոնսենսուս: Եվ Հանրապետության Նախագահը մարտի ընթացքում կարտահայտի իր վերջնական կարծիքը»,- մանրամասնեց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովը ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա, որովհետև այդ բարեփոխումներն ինքնանպատակ չեն, այլ առաջին հերթին համակարգային են: Նա շեշտեց, որ ՀՀ Նախագահը կարտահայտի իր վերջնական կարծիքը, որից հետո արդեն օրենքով սահմանված կարգով բոլոր գործառույթները կիրականացվեն: