ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հնարավոր պաշտոնավարման հարցը շարունակում է մնալ քաղաքական վերլուծաբանների ուշադրության կենտրոնում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նշեց, որ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը բոլոր դեպքերում լինելու է Սերժ Սարգսյանի նախագահը, հակառակ պարագայում, որպեսզի նա լինի ՀՀ նախագահը, պետք է բացառել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։

Բադալյանի համոզմամբ՝ հայաստանյան քաղաքական դաշտում դասավորությունները կատարվում են ավելի շատ կապիտալի դասավորություններից ելնելով, և ասվածի ապացույցն այն է, որ Հայաստանի կարևոր պաշտոններում մենք մշտապես տեսնում ենք մարդկանց, ովքեր զգալի կապիտալի սեփականատերեր են․ «Մենք տեսնում ենք, որ ընտրվում են թեկնածուներ, ովքեր որոշակի կապիտալ ունեն, որոնց զուգահեռ՝ առկա են նաև քաղաքական կապեր։ Այս առումով, հասկանալի է դառնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը։ Մյուս կողմից՝ կա երկրորդ փաստը՝ այս թեկնածուին առաջադրելով, Սերժ Սարգսյանը դաշտ է բերում մարդկանց, ովքեր համակարգի մաս չեն կազմում։ Արմեն Սարգսյանը կդառնա հակակշիռ և նոր բևեռ։ Նույնը կատարվեց նաև վարչապետ Կարապետյանի դեպքում, ով տիրապետում էր ռուսական կապիտալի, և, փաստացի, անհանգստություն առաջացրեց հայաստանյան օլիգարխիայի մոտ»,-նշեց Բադալյանը՝ հավելելով որ ՀՀ 4-րդ նախագահ դառնալու պարագայում, ուզած-չուզած, Արմեն Սարգսյանը դառնալու է ներիշխանական խաղերի մասնակից։

Կարևորելով ՀՀ 4-րդ նախագահի անձնական որակները՝ Բադալյանը նշեց, որ անկախ ամեն ինչից, Արմեն Սարգսյանը բոլոր դեպքերում կդառնա գործող համակարգի բաժնետերերից մեկը։

Հարցին՝ ի՞նչ դերակատարում կարող է ունենալ դեսպան Սարգսյանը Արցախի հակամարտության հարցում, Բադալյանը հիշեցրեց «ադրբեջանական լվացքատան» պատմությունը՝ նշելով, որ այս հարցում իր դերակատարումն է ունեցել հենց Արմեն Սարգսյանը․ «Ալիևյան կոռուպցիոն գործարքների, բրիտանական օֆշորների հետ կապված բացահայտման մեջ՝ առկա էր Արմեն Սարգսյանի և նրա կերպարի գործոնը»։

Հարցին՝ արդյո՞ք հանրության մոտ որոշակի սպասումներ առկա են՝ կապված այս թեկնածուի հետ, Բադալյանը պատասխանեց․ «Հանրութան սպասումներն իր հետ տարավ Կարեն Կարապետյանը։ Վերջին պաշարը սպառվեց հենց նրա վրա։ Դժվար թե մեկը կարողանա նման սպասումներ արթնացնել։ Այլևս սպասումներ չկան։ Իսկ Արմեն Սարգսյանով իշխանությունը փորձում է փոխել իր դեմքը, թեև չի հաջովի, քանի որ՝ ով ինչքան է վճարելու հարցում իշխանությունը չի կարողանում գալ կոնսենսուսի»։ 

 

Աղավնի Սուքիասյան