ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը զգուշացրել է, որ Իրաքի հյուսիսային և արևմտյան շրջանների գաղթականների թիվը մոտենում է միլիոնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նշված թվի 250 հազարը կանայք և աղջիկներ են, որոնցից մոտ 60 հազարը հղի կանայք են և բժշկական օգնության կարիք ունեն:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուջարիքը հուլիսի 4-ին նշել է, որ Իրաքի հիվանդանոցները և բժշկական կենտրոնները լի են հիվանդներով, և բնակչության հիմնադրամը մտավախություն ունի, որ որոշ կանայք կարող են ծննդաբերել առանց բժշկական օգնության, ինչը կարող է վտանգավոր լինել մոր և երեխանյի համար: ՄԱԿ-ը որոշակի քայլեր է ձեռնարկում այս ճգնաժամը լուծելու համար, ինչի համար անհրաժեշտ է ընդհանուր առմամբ 6,5 միլիոն դոլար:
Դյուջարիքը նշել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ին հաջողվել է առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկել Իրաքի արևմուտքում գտնվող Նինվե նահանգի Սինջար քաղաք, որտեղ գտնվում են մոտ 50 հազար գաղթականներ:
ԻԼԻՊ-ը հունիսի 10-ից լայնածավալ գործողություններ է սկսել Իրաքի դեմ՝ իր հսկողության տակ վերցնելով երկրի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը: Այն գրեթե ամբողջական հսկողություն է հաստատել թուրքմեններով բնակեցված Թալաֆար քաղաքում:
ԻԼԻՊ խմբավորումը ռազմական գործողություններ է ծավալում Իրաքում և Սիրիայում, որի նպատակն է Սիրիայի, Լիբանանի և Իրաքի տարածքում հիմնել սունի իսլամական պետություն: Խմբավորումը Աբու Բաքր ալ Բաղդադիին առաջարկել է դառնալ իսլամական պետության ղեկավարը, և նա համաձայնել է: 2014թ.-ի փետրվարին խմբավորումը ԱՄՆ-ի կողմից հայտարարվել է ահաբեկչական: