Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արևմուտքի համար ցանկալի գործընկեր չէ, սակայն Արևմուտքը չունի այլընտրանք և Էրդողանին արդեն ընկալում է որպես Թուրքիայի ապագա նախագահ: Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ, վերջին տասը տարվա ընթացքում իրականացրած աշխատանքը Էրդողանը «գցեց ջուրն» ու խզեց այն բոլոր հարաբերությունները, որոնք այդքան դժվարությամբ էր ստեղծել: «Էրդողանին դժվարությամբ հաջողվեց ձեռք բերել լավ վարկանիշ և էական քայլեր կատարել իր կուսակցության ու իր քաղաքական կարիերայի առաջընթացի համար, սակայն թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ու սիրիական ճգնաժամի ժամանակ ունեցած դիրքորոշման և քայլերի արդյունքում Էրդողանն իր ոչ կանխամտածված քայլերով վարկաբեկվեց թե’ Արևմուտքում, թե’ Մերձավոր Արևելքում:

 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Շաքարյանն ասաց, որ վերոնշյալ երկրների համար էրդողանը ցանկալի գործընկեր չէ: «Նրանք նախապատվությունը կտային համագործակցելու Աբդուլահ Գյուլի հետ, սակայն Գյուլը, ամենայն հավանականությամբ, կաշխատի վարչապետի պաշտոնում և այդ առումով թե’ Արևմուտքը, թե’ Մերձավոր Արևելքը չունեն այլընտրանք Էրդողանին: «Այլընտրանքի բացակայության պարագայում միջազգային հանրությունը ստիպված է ընդունել Էդողանին որպես նախագահ, քանի որ մնացած երկու թեկնածուներն Արևմուտքի համար հայտնի կերպարներ չեն»,- ասաց Շաքարյանը' հավելելով, որ Թուրքիայում գրեթե բոլորն են համոզված, որ օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ է տանելու ներկայիս վարչապետ Էրդողանը: