Թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Թուրքիայում հայ համայնքի համար նախագահի նախընտրելի թեկնածու է անվանում ազգությամբ քուրդ Սելահեթին Դեմիրթաշին' միաժամանակ նշելով, որ գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը ևս ձայներ է ակնկալում հայ համայնքից: «77 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիայում 50-60 հազարանոց հայկական համայնքը այս կամ այն թեկնածուի համար չի կարող լուրջ գործոն հադիսանալ ընտրություններում հաղթե լու տեսանկյունից: Այնուամենայնիվ, հայ համայնքում տրամադրություններն այսպիսին են, որ նրանք սատարում են Դեմիրթաշին, այսինքն' քուրդ թեկնածուին: Նա հայ համայնքի ֆավորիտն է, բայց Դեմիրթաշի հետ հայ համայնքում մրցակցում է նաև Էրդողանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետը:

 

Գևորգ Պետրոսյանի խոսքով, Դեմիրթաշը հայ համայնքի համար նախընտրելի է, քանի որ փոքրամասնության ներկայացուցիչ է և իր քաղաքական կարիերան կառուցել է ազգային, կրոնական փոքրամասնությունների հետ բարեկամական հարաբերությունների հիմքի վրա: «Դեմիրթաշը բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին' նշելով, որ թուրքական պետությունը պետք է այն ճանաչի, ոչ թե ժողովուրդը: Սակայն նա նախագահ դառնալու նվազագույն հնարավորությունն ունի, բացի այդ' մեկ բան է լինել նախագահի թեկնածու ու խոսել Հայոց ցեղասպանության մասին, լիովին այլ է, երբ դու Թ ուրքիայի նախագահն ես: Թուրքական ժխտողականությունը պետական մակարդակուվ է դրսևորվում, թուրքական պետությունը պետք է հիմքից գլոբալ փոփոխության ենթարկվի, որն էլ կարող է հանգեցնել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-ընգգծեց թուրքագետը:

 

Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ, երրորդ թեկնածուն' Էքմելեդդի Իսանօղլուն, որը հակահայկական ուղղվածության կուսակցությունների միասնական թեկնածուն է, վերջինն է լինելու հայ համայքնից ձայներ ստանալու առումով: «Նա Թուրքիայում նոր անուն է, նոր քաղաքական գործիչ: Բացի այդ, նա ներկայացնում է հակահայ ուղղվածության կուսակցություններ, բայց չի բացառվում, որ նա նույնպես ձայներ հավաքի»,-նշեց բանախոսը:

 

Անդրադառնալով թուրք հասարակության նախապատվությանը' Գևորգ Պետրոսյանը հայտնեց, որ ամենանախընտրելի թեկնածուն Էրդողանն է, ով մրցակցելու է Իսանօղլու հետ, իսկ Դեմիրթաշը լուրջ հավակնորդ չի կարող լինել: «Դեմիրթաշի թեկնածությունն ավելի շատ խորհրդանշական քայլ է' որպես քուրդ թեկնածու Թուրքիայի նախագահական ընտրություններում: Իսկ Էրդողանի ֆավորիտության համար հիմքերը կայանում են նրանում, որ նախ նա ունի իր կայուն ընտրազանգվածը, լավ փորձ ունի ընտրություններում հաղթելու, բացի այդ' մրցակիցներն իրենք կարող են աջակցել Էրդողանի հաղթանակին: Իսանօ ղլուն, ով լայն զանգվածների համար նոր մարդ է, չի կարող լուրջ մրցակից լինել Էրդողանին, քուրդ թենածուի առկայությունը ևս ձեռնտու է Էրդողանին' չնայած այստեղ մի խնդիր է ի հայտ գալիս: Էրդողանի ընտրազանգվածի մի մասը հենց քրդերն են: Կարող է տարօրինակ թվալ, բայց Էրդողանը ընտրություններում հաղթում է նաև քրդական ձայների շնորհիվ, այսինքն' Դեմիրթաշը որոշակիորեն կարող է խանգարել քրդական ձայներ ստանալուն»,-ավելացրեց թուրքագետը:

 

Մինչ այս Թուրքիայի նախագահին ընտրում էր երկրի խորհրդարանը: Առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ ժողովրդի կողմից նախագահ ընտրվելու կոչման համար պայքարելու են երեք թեկնածու' իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկու խոշոր ընդդիմադիր կուսակցությունների' «Ժողովրդահանրապետական» ու «Ազգայնական շարժում» կուսակցությունների միասնական թեկնածու Էքմելեդդի Իսանօղլուն և քրդական ուժերի ներկայացուցիչ, «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը: