Հարավային Կորեայի կառավարության զեկույցում այս տարվա ապրիլին «Սևոլ» լաստանավի վրա տեղի ունեցած ողբերգության գլխավոր պատճառներ են նշվել կոռուպցիան և պաշտոնատարների անփութությունը: Փաստաթղթում պաշտոնապես ընդունվել է այն փաստը, որ նորոգումից հետո լաստանավը լիցենզիա է ստացել օրենքի շրջանցմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Զեկույցի հեղինակները նաև գրում են փոխադրամիջոցի անվտանգության ձևական ստուգումների և դրա աշխատանքի անբավարար խիստ կանոնների մասին:
Կառավարությունը քննադատության է ենթարկել նաև առափնյա պահպանության ուժերի աշխատանքը, որոնք չկարողացան արագորեն և համարժեք արձագանքել տեղի ունեցածին:
Նավապետի և լաստանավի անձնակազմի 14 անդամների նկատմամբ դատավարությունը շարունակվում է:
«Սևոլը», որի վրա եղել է 476 ուղևոր, որոնց մեծ մասը դպրոցականներ էին, ապրիլի 16-ին խորտակվել է Հարավային Կորեայի ափերի մոտ: Զոհվել է ավելի քան 280 մարդ, շուրջ 20-ն անհայտ կորած է համարվում: