Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են «Սևոլ» խորտակված լաստանավի անձնակազմի հինգերորդ անդամին: Նրան մեղադրանք է առաջադրվել ուղևորների տարհանման հետ կապված պարտավորությունները չկատարաելու համար: Ապրիլի 22-ին հայտնել են ոստիկանության և դատախազության քննիչների համատեղ խմբում:

 

Նախօրյակին նավապետի 58-ամյա առաջին օգնական Սոնը փորձել էր ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին:

«Ինքնասպանության փորձից հետո Սոնի հարցաքննությունը շարունակվել է, և հետաքննությունը եկել է այն եզրակացության, որ առաջադրվող մեղադրանքները բավարար են նրան ձերբակալելու համար»,- պատմել է քննիչներից մեկը:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ձերբակալվել էին «Սևոլի» նավապետը, երկու ավագ օգնականները, երկրորդ օգնականը և ավագ մեխանիկը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել անփութության և ծովում ու գետերում փրկության և օգնության մասին օրենքի դրույթները խախտելու համար:

 

Հետաքննությոնը նաև հայտնել է, որ ուսումնասիրելու է «Չհոնհեչժին» նավագնացային ընկերության սեփակականատերը հանդիսացող ընտանիքի ակտիվներն ու ունեցվածքը, ընկերություն, որը «Սևոլ» լաստանավի գործարկու ֆիրման է: Իշխանությունները փորձում են բացահայտել կոռուպցիոն բաղադրիչը, որը կարող էր հանգեցնել ողբերգության:

 

Ինչպես արդեն հաղորդվել է, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն խիստ քննադատության է ենթարկել խորտակված լաստանավի նավապետի և անձնակազմի առանձին անդամների գործողությունները: Նշելով, որ նրանք առաջինների թվում են լքել նավը և առանց օգնության թողել հարյուրավոր ուղևորների, պետության ղեկավարը նրանց գործողությունները հավասարեցրել է սպանությանը:

 

«Նավապետի և անձնակազմի առանձին անդամների գործելակերպն անըմբռնելի է ողջամտության տեսանկյունից և դա նման է սպանության ակտի, ինչն անկարելի է թույլ տալ»,- հայտարարել է Պակ Կին Հեն: Նա նաև խոստացել է բացահայտել լաստանավի շահագործման բոլոր խախտումները և «քրեական ու քաղաքացիական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից:

 

Լաստանավից փրկված դպրոցականների մոտավորապես 20 տոկոսը հոգեբանական օգնության կարիք ունի. աղետի ենթարկվածներից տասից երկուսը տառապում է լուրջ նյարդային-հոգեկան սթրեսից և դեպրեսիայից: Այդ մասին հայտնել են Անսան քաղաքի Կորեական համալսարանի հոսպիտալում, որտեղ գտնվում է 81 փրկված, ներառյալ Danwon High School-ի 74 ավագդասարանցիներ:

 

«Սևոլ» մարդատար նավը, որի վրա եղել է 476 մարդ, խորտակվել է ապրիլի 16-ին: Ինչպես ճշտում է Agence France-Presse-ը, հղում անելով առափնյա պահպանության տվյալներին, ապրիլի 22-ի առավոտվա դրությամբ աղետի հաստատված զոհերի թիվը 104 է, 198 մարդ անհայտ կորած է համարվում:

 

Որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում են Հարավային Կորեայի առափնյա պահպանության և նավատորմի 212 նավեր, գործի են դրված 550 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ: Փրկարարական գործողության ընթացքում առաջին անգամ կիրառվել են ստորջրյա ռոբոտներ, որոնք կարող են աշխատել գիշեր ժամանակ ուժեղ հոսանքի պայմաններում:

 

Ռոբոտները, որոնց կառավարում են ԱՄՆ-ից երկու օպերատորները, կարող են իջնել մինչև 3 հազար մետր խորության վրա: Դրանց հարավկորեական նմանօրինակները բավարար հզորություն չունեն, որպեսզի հաղթահարեն ստորջրյա հոսանքների ուժը: