Հարավային Կորեայում սկսվել է «Սևոլ» նավի անձնակազմի դատավարությունը, որի խորտակման հետևանքով մահացել էր մոտ 300 մարդ:
Նավի կապիտան Լի Ջունսոկը և նրա 3 ավագ օգնականները մեղադրվում են անփութության արդյունքում տեղի ունեցած սպանությունների մեջ, որի համար նրանց մահապատիժ է սպառնում:
Դատարանում նախատեսվում է ցուցադրել տեսագրություն, որում Ջունսոկը լքում է նավը, երբ երեխաները' ենթարկվելով հրամաններին, սպասում են փակ սենյակներում, իսկ անձնակազմն այդպես էլ չի հայտարարում վտանգի մասին: Կապիտանի օգնականները կարող են դատապարտվել մահապատժի՝ խորտակվող նավը լքելու համար:
«Սևոլ» նավը խորտակվել է ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափերին: 476 ուղևորներից փրկել հաջողվել է միայն 172 մարդու: Նավը խորտակվել է այն պատճառով, որ բեռի քաշը երեք անգամ գերազանցել է նորման, իսկ նավը շրջադարձերի ժամանակ արագությունը չի նվազեցրել: