Օրերս Հարավային Կորեայում խորտակված «Սեւոլ» լաստանավի անձնակազմի եւս չորս անդամներ են ձերբակալվել անփութության կասկածանքով: Այդ մասին ապրիլի 21-ին հաղորդել է հարավկորեական YTN հեռուստաալիքը:

 

Ըստ քննիչների վարկածի, ձերբակալվածները լաստանավը լքել են՝ հարկ եղած ձեւով չկազմակերպելով ուղեւորների տարհանումը:

 

Ավելի վաղ ձերբակալվել էին նավապետ Լի Չժուն Սոկը եւ անձնակազմի եւս երկու անդամ:

 

Ինչպես այսօր հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը, «Սեւոլ» լաստանավի՝ հետաքննության մեջ գտնվող ինժեները, ցանկացել Է ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին:

 

Սոն ազգանվամբ ինժեները փորձել Է իրեն կախել Մոկպո քաղաքի մոթելներից մեկում, որտեղ «Սեւոլ»-ի անձնակազմի փրկված անդամները հետաքննչական ստուգում Էին անցնում: Նախօրյակին 57-ամյա ինժեներին հարցաքննել են մինչեւ ուշ գիշեր, իսկ ապրիլի 21-ին հարցաքննությունը պետք Է շարունակվեր: Մոթելի աշխատակիցները Սոնին հայտնաբերել են ապրիլի 21-ին տեղական ժամանակով ժամը 11:40-ին եւ շտապ օգնություն են կանչել. այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

 

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն խիստ քննադատության է ենթարկել խորտակված լաստանավի նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործողությունները: Նշելով, որ նրանք առաջինների թվում են լքել նավը եւ առանց օգնության թողել հարյուրավոր ուղեւորների, պետության ղեկավարը նրանց գործողությունները հավասարեցրել է սպանությանը:

 

«Նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործելակերպն անըմբռնելի է ողջամտության տեսանկյունից եւ դա նման է սպանության ակտի, ինչն անկարելի է թույլ տալ»,- հայտարարել է Պակ Կին Հեն: Նա նաեւ խոստացել է բացահայտել լաստանավի շահագործման բոլոր խախտումները եւ «քրեական ու քաղաքացիական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից:

 

Դատախազության ու ոստիկանության կողմից համատեղ ստեղծված հետաքննչական խմբի նախնական հետաքննության արդյունքում պարզվել է, որ աղետի պահին նավը վարում էր ոչ թե նավապետը, այլ՝ նրա երրորդ օգնականը:

 

Ինչ վերաբերում է նավի խորտակմանը, ապա այն կարող էր կապված լինել լաստանավի ուղղության կտրուկ փոփոխման հետ, ինչը հանգեցրել է բեռների տեղաշարժին: Իշխանությունները մտադիր են պատահածի հանգամանալի հետաքննություն անցկացնել, որպեսզի ապագայում բացառեն նման ողբերգությունների կրկնվելը:

 

Ըստ վերջին տվյալների՝ հարավկորեական «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 64-ի: Գործնականում այլեւս չկան հույսեր, որ մինչ այժմ չգտնված 302 ուղեւորներից ու անձնակազմի անդամներից որեւէ մեկին կհաջողվի ողջ գտնել: Փրկվել է 174 մարդ, ներառյալ նավապետը եւ անձնակազմի հիմնական մասը:

 

Որոնողա-փրկարարական գործողությանը մասնակցում է 212 նավ ու կատեր, այդ թվում՝ առափնյա պահպանության ծառայության 90 նավ, երկրի ռազմածովային ուժերի 32 նավ, 34 ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ինչպես նաեւ 556 փրկարար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: