Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն խոստացել Է քննարկել մեկ տարի առաջ խորտակված «Սեւոլ» լաստանավը ծովի հատակից հանելու հնարավորությունն այն բանից հետո, երբ դա պահանջել են զոհվածների ընտանիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Լաստանավի խորտակման զոհերի ազգականները (զոհվածների մեծամասնությունը դպրոցականներ Էին) ապրիլի 4-ին ցույց են անցկացրել՝ պահանջելով անցկացնել ողբերգության անկախ հետաքննություն:
Ապրիլի 6-ին զոհված դպրոցականների ծնողները դուրս են եկել նոր ցույցի:
Ավելի վաղ «Ռյոնհապ» գործակալությունը հաղորդել Է, որ Հարավային Կորեայի կառավարությունը կսկսի փոխհատուցումներ վճարել «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների եւ անհայտ կորածների ընտանիքներին:
«Սեւոլ» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախաշոր ողբերգություններից մեկի զոհ Է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը 15-ից մինչեւ 19 տարեկան դպրոցականներ են: Մինչ այժմ չեն գտնվել ինը մարդու մարմիններ: Ընդամենը վթարի պահին նավի վրա եղել Է 476 մարդ: Լաստանավի խորտակման հետեւանքով անհայտ կորածների որոնման գործողությունը դադարեցվել Է 2014 թվականի նոյեմբերին՝ կապված դրա անցկացման բարդության հետ:
Զոհված յուրաքանչյուր դպրոցականի համար փոխհատուցում Է նախատեսված մինչեւ 420 մլն վոնի (մոտավորապես 378 հազար դոլար) չափով: Այդ չարաբաստիկ ուղեւորության ընթացքում աշակերտներին ուղեկցող ուսուցիչների ընտանիքներին նախատեսվում Է վճարել մինչեւ 760 մլն վոն (մոտավորապես 685 հազար դոլար): «Սեւոլի» անհայտ կորած ուղեւորների ընտանիքները նույնպես ներառված են փոխհատուցման վճարումների ցուցակներում:
Զոհվածների ընտանիքները նաեւ 200-ական միլիոն վոն (180 հազար դոլար) պետք Է ստանան կամավոր նվիրատվություններից: Բացի այդ, դպրոցականների ընտանիքները լրացուցիչ կստանան 100-ական միլիոն վոն (մոտավորապես 90 հազար դոլար) ապահովագրական վճարներ:
Ողջ մնացած ուղեւորների եւ անձնակազմի անդամների համար փոխահատուցման չափը կհաշվարկվի՝ ելնելով նրանց տարիքից, աշխատանքի առկայությունից եւ եկամտի մակարդակից: Փոխհատուցումների ցուցակներում ներառված չեն անձնակազմի այն 15 անդամները, որոնք դատապարտվել են լաստանավի խորտակման գործով:
Լաստանավի խորտակման գործով մեղադրվում Է 399 մարդ, ձերբակալված են 154-ը: 2014 թվականի նոյեմբերին Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի դատարանը «Սեւոլի» նավապետին, որն ուղեւորի տեսքով առաջիններից մեկն Է լքել խորտակվող նավը, մեղավոր Է ճանաչել արտակարգ իրավիճակում անփութություն դրսեւորելու մեջ, ինչը հանգեցրել Է մարդկանց զոհվելու, եւ նրան դատապարտել Է 36 տարվա բանտային կալանքի: Անձնակազմի եւս 14 անդամներ դատապարտվել են 5-ից մինչեւ 30 տարվա ազատազրկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: