Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն պահանջել Է ամենակարճ ժամկետում ծովի հատակից բարձրացնել մեկ տարի առաջ խորտակված «Սևոլ» լաստանավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հաղորդել Է «Ռյոնհապ» գործակալությունը:

 

 

«Սևոլ» մարդատար լաստանավը խորտակվել Է 2014 թվականի ապրիլի 16-ին: Հարավային Կորեայի արդի պատմության մեջ ամենախաշոր ողբերգություններից մեկի զոհ Է դարձել 295 մարդ, որոնցից 250-ը 15-ից մինչև 19 տարեկան դպրոցականներ են: Մինչ այժմ չեն գտնվել ինը մարդու մարմիններ: Ընդամենը վթարի պահին նավի վրա եղել Է 476 մարդ: Լաստանավի խորտակման հետևանքով անհայտ կորածների որոնման գործողությունը դադարեցվել Է 2014 թվականի նոյեմբերին՝ կապված դրա անցկացման բարդության հետ:

 

 

«Այժմ անհրաժեշտ Է լրջորեն պատրաստվել նավի կորպուսը բարձրացնելուն»,- գործակալությունը մեջբերել Է նախագահի խոսքը, որի նա ասել Է Չինդո կղզու մերձակայքում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ:

«Անհրաժեշտ Է արագ ավարտել պահանջվող ընթացակարգերը և հնարավորինս շուտ բարձրացնել նավը»,- ընդգծել ԷՊակ Կին Հեն:

 

 

Զոհվածների ազգականները պնդում են ծովի հատակից խորտակված նավի բարձրացումը, որպեսզի պարզվեն ողբերգության բոլոր հանգամանքները և գտնվեն մարդկանց աճյունները:

Ավելի վաղ Կորեայի Հանրապետության ծովային գործերի և ձկնորսության նախարարությունը հաղորդել Է, որ լաստանավը ծովի հատակից հանելու համար կպահանջվի ավելի քան 120 մլրդ վոն (110 մլն դոլար): Իսկ ընդամենը, ըստ այս գերատեսչության գնահատումների, ողբերգության բոլոր հետևանքների ամբողջական վերացման համար կպահանջվի ավելի քան 550 մլրդ վոն (504 մլն դոլար):

 

 

«Կառավարությունն արդեն 185,4 մլրդ վոն (169,9 մլն դոլար) Է ծախսել որոնողա-փրկարարական գործողությունների, ինչպես նաև տուժածների և զոհվածների ընտանիքներին օգնելու համար»,-նշել են նախարարությունում:

 

 

Զոհված յուրաքանչյուր դպրոցականի համար փոխհատուցում Է նախատեսված մինչև 420 մլն վոնի (մոտավորապես 378 հազար դոլար) չափով: Այդ չարաբաստիկ ուղևորության ընթացքում աշակերտներին ուղեկցող ուսուցիչների ընտանիքներին նախատեսվում Է վճարել մինչև 760 մլն վոն (մոտավորապես 685 հազար դոլար): «Սևոլի» անհայտ կորած ուղևորների ընտանիքները նույնպես ներառված են փոխհատուցման վճարումների ցուցակներում:

 

 

Լաստանավի խորտակման գործով մեղադրվում Է 399 մարդ, ձերբակալված են 154-ը: 2014 թվականի նոյեմբերին Հարավային Կորեայի Կվանջու քաղաքի դատարանը «Սևոլի» նավապետին, որն ուղևորի տեսքով առաջիններից մեկն Է լքել խորտակվող նավը, մեղավոր Է ճանաչել արտակարգ իրավիճակում անփութություն դրսևորելու մեջ, ինչը հանգեցրել Է մարդկանց զոհվելու, և նրան դատապարտել Է 36 տարվա բանտային կալանքի: Անձնակազմի ևս 14 անդամներ դատապարտվել են 5-ից մինչև 30 տարվա ազատազրկման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

 

Լուսանկարը՝ AP