Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն ներողություն է խնդրել «Սեւոլ» մարդատար լաստանավի խորտակումից հետո իշխանությունների գործողությունների համար, տեղեկացնում է Agence France-Presse-ն:
Նրա խոսքով՝ կառավարությունը չկարողացավ կանխել ողբերգությունը եւ արդյունավետ աշխատանք կազմակերպել փրկարար գործողության առաջին օրերին: «Չգիտեմ՝ ինչպես ներում հայցեմ ողբերգությունը կանխել եւ արդյունավետ աշխատանք կազմակերպել չկարողանալու համար: Ես ներողություն եմ խնդրում ժողովրդից, ինձ համար դժվար է, երբ այսքան թանկ կյանքեր են կորսվել»,- ասել է նախագահը նախարարների կաբինետին հղած ուղերձում, որը հաղորդվել է տեղական հեռուստատեսությամբ:
Հարավային Կորեայի իշխանությունները քննադատության են ենթարկվել լաստանավի խորտակման համար: Ապրիլի 27-ին երկրի վարչապետ Չոն Հոն Վոնը, ընդունելով աղետից հետո կառավարության աշխատանքում տեղ գտած սխալները, հրաժարական է տվել:
«Սեւոլ» մարդատար լաստանավը, որի վրա եղել է 476 մարդ, ներառյալ մեծ թվով դպրոցականներ, խորտակվել է ապրիլի 16-ին Հարավային Կորեայի հարավ-արեւմտյան ափի մոտ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 193 մարդ, եւս 109-ը անհայտ կորած են համարվում: Հարուցվել է քրեական գործ, ձերբակալված է մի քանի մարդ, այդ թվում՝ նավապետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: