Հարավային Կորեայի իշխանությունները ձերբակալել են «Սեւոլ» խորտակված լաստանավի անձնակազմի հինգերորդ անդամին: Նրան մեղադրանք է առաջադրվել ուղեւորների տարհանման հետ կապված պարտավորությունները չկատարաելու համար: Այդ մասին ապրիլի 22-ին հայտնել են ոստիկանության եւ դատախազության քննիչների համատեղ խմբում:

 

Նախօրյակին նավապետի 58-ամյա առաջին օգնական Սոնը փորձել էր ինքնասպանությամբ վերջ տալ կյանքին:

 

«Ինքնասպանության փորձից հետո Սոնի հարցաքննությունը շարունակվել Է, եւ հետաքննությունը եկել է այն եզրակացության, որ առաջադրվող մեղադրանքները բավարար են նրան ձերբակալելու համար»,- պատմել է քննիչներից մեկը:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ ավելի վաղ ձերբակալվել Էին «Սեւոլի» նավապետը, երկու ավագ օգնականները, երկրորդ օգնականը եւ ավագ մեխանիկը, որոնց մեղադրանքներ են առաջադրվել անփութության եւ ծովում ու գետերում փրկության եւ օգնության մասին օրենքի դրույթները խախտելու համար:

 

Հետաքննությոնը նաեւ հայտնել Է, որ ուսումնասիրելու Է «Չհոնհեչժին» նավագնացային ընկերության սեփակականատերը հանդիսացող ընտանիքի ակտիվներն ու ունեցվածքը, ընկերություն, որը «Սեւոլ» լաստանավի գործարկու ֆիրման Է: Իշխանությունները փորձում են բացահայտել կոռուպցիոն բաղադրիչը, որը կարող Էր հանգեցնել ողբերգության:

 

Ինչպես արդեն հաղորդվել Է, Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեն խիստ քննադատության է ենթարկել խորտակված լաստանավի նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործողությունները: Նշելով, որ նրանք առաջինների թվում են լքել նավը եւ առանց օգնության թողել հարյուրավոր ուղեւորների, պետության ղեկավարը նրանց գործողությունները հավասարեցրել է սպանությանը:

 

«Նավապետի եւ անձնակազմի առանձին անդամների գործելակերպն անըմբռնելի է ողջամտության տեսանկյունից եւ դա նման է սպանության ակտի, ինչն անկարելի է թույլ տալ»,- հայտարարել է Պակ Կին Հեն: Նա նաեւ խոստացել է բացահայտել լաստանավի շահագործման բոլոր խախտումները եւ «քրեական ու քաղաքացիական պատասխանատվության» ենթարկել բոլոր մեղավորներին՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից:

 

Լաստանավից փրկված դպրոցականների մոտավորապես 20 տոկոսը հոգեբանական օգնության կարիք ունի. աղետի ենթարկվածներից տասից երկուսը տառապում Է լուրջ նյարդային-հոգեկան սթրեսից եւ դեպրեսիայից: Այդ մասին հայտնել են Անսան քաղաքի Կորեական համալսարանի հոսպիտալում, որտեղ գտնվում Է 81 փրկված, ներառյալ Danwon High School-ի 74 ավագդասարանցիներ:

 

«Սեւոլ» մարդատար նավը, որի վրա եղել է 476 մարդ, խորտակվել է ապրիլի 16-ին: Ինչպես ճշտում է Agence France-Presse-ը, հղում անելով առափնյա պահպանության տվյալներին, ապրիլի 22-ի առավոտվա դրությամբ աղետի հաստատված զոհերի թիվը 104 է, 198 մարդ անհայտ կորած է համարվում:

 

Որոնողա-փրկարարական գործողություններին մասնակցում են Հարավային Կորեայի առափնյա պահպանության եւ նավատորմի 212 նավեր, գործի են դրված 550 փրկարարներ, այդ թվում՝ ջրասուզակներ: Փրկարարական գործողության ընթացքում առաջին անգամ կիրառվել են ստորջրյա ռոբոտներ, որոնք կարող են աշխատել գիշեր ժամանակ ուժեղ հոսանքի պայմաններում:

 

Ռոբոտները, որոնց կառավարում են ԱՄՆ-ից երկու օպերատորները, կարող են իջնել մինչեւ 3 հազար մետր խորության վրա: Դրանց հարավկորեական նմանօրինակները բավարար հզորություն չունեն, որպեսզի հաղթահարեն ստորջրյա հոսանքների ուժը: