Հարավային Կորեայի «Սեւոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվածների հինգ ընտանիքներ պահանջագիր են հղել դատախազություն խորտակված նավի կմախքն անձեռնմխելի թողնելու խնդրանքով՝ պահպանելու այն վկայությունները, որոնք անհրաժեշտ են աղետի պատճառները պարզելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Չոսոն իլբո» թերթը:

 

Ըստ թերթի տվյալների՝ զոհվածների ընտանիքները համաձայնել են, որ բացվեն նավախցիկներն այն 16 հոգու որոնման համար, որոնց մարմինները դեռեւս գտնված չեն, բայց պահանջում են անձեռնմխելի թողնել մեքենայական բաժանմունքը, բալաստային ցիստեռնները, բեռնային հատվածամասերը եւ կմախքի մյուս մասերը:

 

Տուժածների եւս երկու ընտանիք առանձին հանրագիր Է հղել որոնողական-փրկարարական աշխատանքների բոլոր ձայնագրություններին եւ այն նյութերին ծանոթանալու հնարավորություն ստանալու նպատակով, որոնք վերաբերում են դատախազության կողմից «Չհոնհեչժին հեուն» նավագնացային ընկերության գործունեության հետաքննությանը, որը եղել Է լաստանավի գործարկուն:

 

Ինչհոն նավահանգստից Չեջուդո կղզի մեկնած «Սեւոլ» լաստանավը՝ 6 հազար 825 տոննա ջրատարողությամբ, ջրասույզ Է եղել ապրիլի 16-ին Կորեական թերակղզու հարավարեւմտյան վերջավորության մոտ:

 

Նավում եղել են 476 ուղեւոր եւ անձնակազմի անդամ, նրանց մեծ մասը եղել են Անսան քաղաքի դպրոցներից մեկի բարձրդասարանցիները: Փրկվել Է միայն 172 մարդ: Ներկայում գտնված են 288 զոհվածների մարմինները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: