Խորտակված «Սեւոլ» լաստանավում որոնողա-փրկարարական գործողության ընթացքում մինչ այժմ հաջողվել է հայտնաբերել զոհվածների 268 մարմիններ: Կորեական թերակղզու արեւմտյան հատվածի մոտ խորտակված նավում որոնումները շարունակվում են 22-րդ օրը:

 

Ինչպես հայտնել են Չինդո կղզում Կորեայի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում, մայիսի 7-ի առավոտվա դրությամբ 34 ուղեւորներ անհայտ կորած են համարվում:

 

Վերջին ժամերին գործողության շրջանում եղանակը լավացել է, բացի այդ դանդաղել են ջրասուզակների աշխատանքին խանգարող սեզոնային մակընթացային հոսանքները: Գիշերները դրանք ուժեղանում են եւ խանգարում ջրասուզակներին՝ մակերեւույթ բարձրացնելու զոհվածների մարմինները:

 

Շուրջ 40 մետր խորության վրա կատարվող աշխատանքի ընթացքում ծովային ոստիկանության, ռազմածովային ուժերի եւ քաղաքացիական ծառայությունների ջրասուզակները փորձում են բացել ուղեւորների համար նախատեսված այն 64 նավախցերը, որտեղ, ինչպես ենթադրում են փրկարարները, կարող են լինել դեռեւս չգտնված մարդկանց մարմինները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: