«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Թուրքիան կշարունակի տարբեր ցուցադրական քայլեր կատարելու իր քաղաքականությունը, իսկ հայ ժողովուրդը պետք է ինքը որոշի, թե դրանք ինչ բովանդակություն են պարունակում: Հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

«Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան, թե ինչ նպատակ է հետապնդում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ թուրքական կողմից տարածված տեղեկատվությունը, քաղաքական գործիչը նշեց. «Չի բացառվում, որ մինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը Թուրքիայի ժեստային քաղաքակնությունը շարունակվի, ու հնարավոր է, որ այդ քաղաքականության քայլերից մեկը լինի, ոչ անպայման սեպտեմբեր-հոկտեմբերին, բայց հաջորդ տարվա ապրիլի առաջին կեսին սահմանի բացման մասին խոսքը կամ իրականացումը որոշ պայմանների ներքո: Բայց եթե դա լինելու է Հայաստանի հաշվին, ես դեմ եմ դրան. Հայաստանն ու հայ ժողովուրդը պետք է ինչ-որ բան անեն, որ սահմանը բացվի այն պետության կողմից, որը փակել է ու հայ ժողովրդին պահում է շրջափակման մեջ: Ես կարծում եմ, որ կարելի է ականկալել, որ ժեստերը կշարունակվեն և մեր ժողովրդին է մնալու որոշել դրանք բովանդակություն պարունակում են, թե ոչ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ, իր կարծիքով, դրանք պետք է առոչինչ հայատարարվեն: «Կարելի է, որ երկու պետությունները դիվանագիտական նոթեր փոխանակեն, հաստատեն դեսպանություններ և միասին աշխատեն վիճահարույց խնդիրները լուծելու ուղղությամբ: Դրանց մեջ կա Ճանաչման, կրթության, մշակութային ժառանգության, հայ մարդու և իր հայրենքի միացման հարցերը և հետո վերջնական սահմանի ճշգրտման հարցը: Անցած ապրիլի 24-ի նախաշեմին Էրդողանի հայտարարությունը պոլսահայ համայնքի համար մեծ փոփոխություն էր, բայց մեծ հաշվով այն որևէ փոփոխություն չբերեց հայ ժողովրդին: Ինչպես ասվեց Հայաստանում և սփյուռքում, դա ժխտման քաղաքականության արդի, ավելի նուրբ մոտեցումն է»,-ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 

Նրա կարծիքով, եթե մինչև հաջորդ տարի' ցեղասպանության 100-րդ տարելիցը, Թուրքիան շարունակի նախապայմաններով խոսել Հայաստանի հետ, ապա վերջինը պետք է դուրս գա առանց նախապայմանների բանակցելու վիճակից ու հայտնի իր նախապայմանները:

 

Թուրքական «Taraf» պարբերականը հուլիսի 4-ին նյութ էր հրապարակել, որ սեպտեմբերին հայ-թուրքական սահմանը պետք է բացվի: Հետագայում, սակայն, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր այդ տեղեկատվությունը: Մինչ այդ էլ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Foreign policy կայքում հոդված էր տպագրել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ եւ շեշտել, իբր, Հայոց ցեղասպանությունը երկու հասարակությունների ընդհանուր ցավն է, որ նախորդ դարի սկզբին, հայերի պես թուրքերն էլ են ողբերգություն ապրել: Միաժամանակ, Դավութօղլուն, կրկին նախապայմաններ առաջ քաշելով, շեշտել էր, որ Հարավային Կովկասում կա չլուծված հակամարտություն եւ հայ-թուրքական հարաբերությունները կարող են հաստատվել միայն այդ հակամարտության կարգավորումից հետո: